Թուրք գործարար. Կանխել Ցեղասպանության ճանաչման աղետը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ
Aksiyon հանդեսի հետ հարցազրույցում Հայ-թուրքական գործարար խորհրդի թուրք համանախագահ Քաան Սոյաքը կարծիք է հայտնել, թե ինքը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում:
Չնայած արտահայտված լավատեսությունը, այնուհանդերձ թուրք գործարարը նաև անկեղծորեն նկատել է, որ այդ գործընթացը հայտնվել է փակուղում:
«Այո, գործընթացը խցանված է, սակայն հնարավոր կլինի այն հաղթահարել: Թուրքիան պետք է իր դիրքորոշումը բացատրի ինչպես թուրք, այնպես էլ ադրբեջանական հասարակություններին: Սակայն, ցավոք, Անկարային դա դեռևս չի հաջողվել իրականացնել»:
Սոյաքի կարծիքով` այն բանից հետո, երբ Երևանը Սահմանադրական դատարանի որոշումից հետո Արձանագրություններն ուղարկեց խորհրդարան, ժամանակն սկսեց ի վնաս Թուրքիայի աշխատել: Հայ-թուրքական գործարար խորհրդի թուրք համանախագահի համոզմամբ` Թուրքիան պետք է մինչև ապրիլի 24-ը Արձանագրությունները մտցնի խորհրդարանի օրակարգ, այլապես հնարավոր է` լուրջ խնդիրներ առաջ գան:
Ի դեպ, գործարարը նաև ակնարկել է, թե Թուրքիան պետք է ակտիվացնի երկխոսությունը Ռուսաստանի հետ.«Ռուսաստանը տարածաշրջանում գերիշխող պետություն է: Առանց նրան համոզելու` հնարավոր չէ կարգավորում ղարաբաղյան հիմնախնդրում»,- ասել է նա: Իհարկե, անհասկանալի է մնում, թե ինչ է հասկանում թուրք գործարարը արցախյան խնդրի լուծման հարցում «Ռուսաստանին համոզել» ասելով:
Նա խոսել է նաև ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի հնարավոր ընդունման մասին, և ահա թե ինչ է հայտարարել է.«Բանաձևի ընդունումը կասեցնելու համար Անկարան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում իրականացնելիք քայլերով պետք է օգնի Օբամային: Եթե Թուրքիան ապրիլի 24-ից առաջ մի քանի քայլ իրականացնի, Օբամայի համար ավելի հեշտ կլինի կանխել հնարավոր աղետը: Հակառակ դեպքում Թուրքիան կհայտնվի դժվարին իրավիճակում»,- հայտարարել է Սոյաքը:
ArmAr.am
Թեգեր` ԱՄՆ Կոնգրես, Անկարա, արցախյան հիմնախնդիր, բանաձև, հայ-թուրքական հարաբերություններ, Հայոց Ցեղասպանություն, Ռուսաստան, Քաան Սոյաք, Օբամա












