Տիգրան Բալայան. «Ադրբեջանը փորձում է խուսափել պատասխանատվությունից»
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին անդրադառնալով արցախյան հակամարտության հետևանքների վերացման հարցին, հայտարարել էր. «Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ պետք է լուծվեն նաև Ադրբեջանի կողմից օկուպացված Մարտակերտի, Մարտունու և Շահումյանի շրջանների և այդ շրջաններ փախստականների վերադարձի հետ կապված հարցերը: Եվ իհարկե, հակամարտության հետևանքների վերացման հարցը պետք է լուծվի հակամարտության պատճառները վերացնելուն զուգահեռ: Բոլոր այդ հարցերը անհրաժեշտ է լուծել բանակցությունների միջոցով՝ փոխադարձ համաձայնության և խաղաղ ճանապարհով»։
ՀՀ ԱԳ նախարարի այս հայտարարությունը վրդովեցրել է Ադբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովին, ով հանդես է եկել պատասխան հայտարարությամբ և առաջարկել «ցույց տալ որևէ միջազգային-իրավական ակտ, որտեղ կխոսվի այն մասին, թե երկիրը կարող է օկուպացնել սեփական տարածքը»:
Մեկնաբանելով Ադրբեջանի հայտարարությունը, ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ասել է. ««Խոսելով Լեռնային Ղարաբաղի Շահումյանի, Մարտակերտի ու Մարտունու շրջանների` Ադրբեջանի պատկանելիության մասին, այդ երկրի ԱԳՆ-ն փորձում է խուսափել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ այդ տարածքների օկուպացիայի ու դրանցում էթնիկ զտումներ իրականացնելու պատասխանատվությունից: Հետաքրքիր կլիներ, եթե ադրբեջանական կողմը ներկայացներ թեկուզ մեկ միջազգային իրավական ակտ, որը թույլ է տալիս էթնիկական զտումներ իրականացնել` դրանք արդարացնելով այն բանով, թե իբր իրականացվել են «սեփական տարածքում»։
ArmAr.am












