Շյուքրու Էլեքդաղ. Հայաստանն ի°նչ է ուզում անել
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) փոխնախագահ Օնուր Օյմենը և նույն կուսակցության` Ստամբուլից առաջադրված պատգամավոր Շյուքրու Էլեքդաղը Թուրքիայի խորհրդարանում մամուլի ասուլիս են հրավիրել:
Ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի` ասուլիսի օրակարգում Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը և ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ բերվելիք Հայոց ցեղասպանության նախագիծն են եղել:
«Հայաստանի Սահմանադրական դատարանը Թուրքիայի հետ ստորագրած արձանագրությունների սահմանադրականությունն ուսումնասիրելուց հետո մի որոշում է ընդունում: Նախ ասում է «համապատասխանում է», այնուհետև արձանագրությունների վերաբերյալ մեկնաբանություններ անում: Արձնագրություների անչությամբ Հայաստանի այդ մեկնաբանություններն ԱՄՆ-ում իրավացի են համարում: Հայաստանն ի°նչ է ուզում անել: Մենք, որպես ժողովրդահանրապետականներ, հենց սկզբից դեմ ենք արտահայտվել այդ արձանագրությունները խորհրդարան ուղարկելու գաղափարին»,- ասել է Էլեքդաղը` նշելով, որ Երևանը փորձում է նեղը գցել Թուրքիային ու դրանից հետո հայ-թուրքական հարաբերությունները ոչ թե բարելավվելու են, այլ` ավելի վատանալու:
Ընդդիմադիր գործիչը նկատել է տվել, որ Անկարան իր ապաշնորհ արտաքին քաղաքականության երեսից գրեթե կորցրել է Ադրբեջանի վստահությունը: Էլեքդաղը քննադատել է Դավութօղլուի գործելաոճը` նրա մասին ասելով հետևյալը.
«Պրն նախարարը հիշեցնում է այն աստղագետի, ով երկնքում աստղեր փնտրելով ընկել հանդիպակաց փոսի մեջ»:
Իսկ Օյմենն էլ լրագրողներին ասել է, որ Էրդողանի կառավարությունը պետք է չստորագրեր արձանագրությունները, ինչպես դա արվեց թուրք-կիպրական գործընթացի ժամանակ: Բացի այդ Օյմենը բացահայտ նշել է, որ արձանագրությունների ստորագրման պահին եղել է նախապայման, և դա ղարաբաղյան հիմնախնդիրն էր: Նրա համոզմամբ` այդ արձանագրությունները միայն վնաս են պատճառում Թուրքիային: Իսկ Ցեղասպանության բանաձևի առնչությամբ ասել է, որ Կոնգրեսում այն ընդունելու հավանականությունը բավականին մեծ է:
ArmAr.am












