Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Քաղաքականություն

Ի՞նչ սկզբունքով են առաջնորդվում հեռուստաընկերությունները

Փետրվար 18, 2010թ. 13:05

88Մի խոստումնալից միջակություն մի անգամ ասաց, որ ժամանակակից աշխարհում մամուլը հնացած, իր դարն ապրած երևույթ է. ապագան համակարգիչներինն է: Ակամայից հիշեցի «Մոսկվան արցունքներին չի հավատում» կինոնկարը, որի հերոսներից մեկը հեռուստատեսության արշալույսին պնդում էր, որ ապագայում չեն լինի ոչ կինո, ոչ թատրոն, այլ միայն հեռուստատեսություն:

Հիմա կա մամուլ, որ ի հեճուկս ժամանակից շուտ ապագա հասած «մարգարեների»` չի մեռնում և, դատելով ամեն ինչից, չի էլ պատրաստվում մեռնել, ընդհակառակը, կա նաև դրա հեղինակավոր տեսակը` աշխարհում ճանաչված, որի մի տողը նույնիսկ միջազգային արձագանք է գտնում:  Ժամանակակից լրատվամիջոցներից ամենահզորը, թերևս, հեռուստատեսությունն է` ազդեցության իր ուժով և մատչելիությամբ: Մեզանում գոնե այսպես է: Բայց հայկական հեռուստաընկերությունները, տեղեկատվական գործառույթից զատ, ունեն նաև, ավելի ճիշտ, պիտի ունենան նաև ազգային-քարոզչական դեր: Առայժմ գերնպատակը անվնաս լինելն է, իսկ հետևանքը` երկչոտ պահվածքը:

Հեռուստաընկերություններ չանվանենք, բայց համարենք, որ դրանք, պետական-պաշտոնական քարոզչության առաջամարտիկ և քաջամարտիկ` Հայաստանի ազգային հեռուստատեսության առաջնորդությամբ, իրենց որակով ու կարողություններով, իհարկե, չեն սպառնում ոչ կինոյին, ոչ թատրոնին, ոչ էլ մի ինչ-որ ուրիշ բանի, քանի որ քարոզչական նման անկարողությամբ, անհամ ու անճաշակ հաղորդումների ուսած բեռով ընդհանրապես անվնաս են:

Տպավորությունն այնպիսին է, որ միակ հոգսը եթերը «լցնելն է» ու գլխացավանքից հեռու մնալը: Այն էլ հիմա, երբ, մասնավորապես, ազերիական լրատվական ամբողջ համակարգը` մամուլ, հեռուստատեսություն, համացանցային կայքեր, լծված է հակահայ քարոզչության «սրբազան» գործին: Ինչո՞վ ենք մենք սրան պատասխանում. կամ լռությամբ, կամ մի երկչոտ հաղորդմամբ, կամ լուրերի թողարկման մեջ խցկած մի-երկու արտահայտությամբ:

Համակարգված, ծրագրված, փոխպայմանավորված քարոզչությունը և հակաքարոզչությունը մեզանում իսպառ բացակայում են: Իշխանություններին էլ սա, կարծես, առանձնապես չի անհանգստացնում: Նույնիսկ Հայաստան-Արցախի միասնական քարտեզ ցուցադրելը դիտեցինք խիստ ազգային ու համարձակ մի ձեռնարկում: Հետաքրքիր է` ինչից կամ ումից են վախենում մանավանդ մասնավոր կոչվող հեռուստաընկերությունները` ազերիների՞ց:

Ոչ ոք հեռուստաընկերություններին հանիրավի քարկոծելու նպատակ չունի.բոլորիս է անհրաժեշտ իրոք ազգային հեռուստատեսություն և առաջի հերթին` պետությանը: Ուրեմն, չի կարելի եթերն անհամ հաղորդումներով «քոռուփուչ» անել: Արցախի հիմնահարց ունենք, որ հիմա դիվանագիտական պատերազմի բարձրակետում է գտնվում:

Չգիտեմ, գուցե անխուսափելի են այսօր եթերը հեղեղած տխմար սերիալները, որոնք գողությունից… մեղա Աստծու, բռնությունից, թմրամոլությունից, հազարումի հիմարությունից բացի բան չեն սովորեցնում, բայց հաստատ դա՛ չէ ազգային հեռուստատեսության ոգին:

Ասվածը չի նշանակում հեռուստատեսությունը դարձնել ագիտկետ, բայց և գիտության նվաճում համարվող այդ արկղը հաստատ աղբի համար չէ:

Ռուսական գերտերությունից դուրս պրծանք, հիմա էլ մեր օձիքից կառչել է ամերիկյան մագիլը` իբրև «գրանտ», իբրև մի չգիտեմ ինչ «կենտրոն», ինչ-որ դասախոսություն ու խրատ և բոլորը` ի վնաս հայկականության, ազգային ոգու և դիմագծի: Լեզու է աղավաղվում, միտումնավոր արհամարհվում է, օտարամուտ բառերի հեղեղից գորշանում է եթերը, ինչ-որ ապազգային տարրեր սկսել են հայերեն խոսել իբր ամերիկյան առոգանությամբ: Այսպես է ազգային արժեքների պաշտպանությանը կոչված հեռուստատեսությունը դառնում  արևելյան բազմադեմ բազարի բարձրախոս:

Ավիկ Մարության


Դիտել Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն