Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ լիագումար նիստը

Փետրվար 18, 2010թ. 12:15

Փետրվարի 17-ին տեղի է ունեցել ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։

Համաձայն ԱԺ կանոնակարգի, նոր նստաշրջանը սկսվեց ԼՂՀ պետական օրհներգի կատարմամբ։

Ապա նիստը հաստատեց նստաշրջանի, ինչպես նաև ընթացիկ լիագումար նիստի ներկայացված օրակարգերը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունը:

Խորհրդարանը նպատակահարմար գտավ անփոփոխ թողնել անցած նստաշրջանում ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախկին կազմը՝ հանձնաժողովի անդամներ վերահաստատելով պատգամավորներ Գարիկ Գրիգորյանին, Ռոմելա Դադայանին և Արարատ Դանիելյանին։

Ձեռնամուխ լինելով օրակարգի օրենսդրական բնույթի հարցերի քննարկմանը, նիստն առաջինը քննության առավ «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի մասին» օրենքի նախագիծը, որը  ներկայացրեց տնտեսական զարգացման փոխնախարար Սուրեն Թամրազյանը։  Ի հիմնավորումն օրինագծի նշվեց, որ օրենքի ընդունումը պայմանավորված է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենսդրական ակտով և  ուղղված է հանրապետության պետական բյուջեի եկամուտների հետագա ավելացմանը։       Կառավարության լիազոր ներկայացուցիչն այնուհետև լրացուցիչ պարզաբանումներ տվեց պատգամավորների հարցերի, մասնավորապես, ռազմավարական նշանակության օբյեկտների, այդ թվում՝ «ԱրցախՀԷԿ» ԲԲԸ սեփականաշնորհման նպատակահարմարության կապակցությամբ։

Օրինագծի վերաբերյալ լսվեց նաև ԱԺ գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը, որը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Բենիկ Բախշիյանը։

Հանձնաժողովի առաջարկությամբ օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ։

Օրակարգի հաջորդ երկու՝ հարցերը՝ «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի մասին, ներկայացրեց քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը։ Իրար փոխկապակցված այդ օրինագծերից առաջինի ընդունումը պայմանավորված է շինարարության որակի տեխնիկական հսկողության լիցենզավորման հետ, ինչը հնարավորություն կտա խուսափել անկանխատեսելի հետևանքներից և հնարավորինս կբացառի անցանկալի իրավիճակների առաջացումը շինարարության ոլորտում։ Իսկ երկրորդ օրինագծում՝ կապված շինարարության որակի տեխնիկական հսկողությունը լիցենզավորելու հետ, առաջարկվում է գործող օրենքի 18-րդ հոդվածի 14-րդ՝ «Քաղաքաշինության բնագավառը» կետի նոր խմբագրություն։  Կառավարության լիազոր ներկայացուցիչը, ինչպես և գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկեցին խնդրո առարկա օրենքներն ընդունել առաջին ընթերցմամբ՝ լրացուցիչ քննարկումների նպատակով։

Խորհրդարանը կողմ քվեարկեց առաջարկությանը։

Առանձնակի տարակարծությունների տեղիք չտվեց նաև «Ակցիզային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագիծը։ Ներկայացնելով այն, տնտեսական զարգացման փոխնախարարն ի հիմնավորումն նշեց, որ օրենքի ընդունումը պայմանավորված է շուկայում հայտնված էժան ու անորակ ալկոհոլային խմիչքների անօրեն շրջանառությունը կանխելու, ինչպես նաև հանրապետությունում արտադրվող և երկիր ներմուծվող (բացի ՀՀ-ից) ալկոհոլային խմիչքների մասով հարկային մարմինների կողմից իրականացվող հսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտությամբ։

Դրական էր օրինագծի վերաբերյալ գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը։ Օրենքն ընդունվեց։

Նիստն այնուհետև քննարկեց ևս մեկ օրինագիծ ՙՊետական տուրքի մասին՚  օրենքում փոփոխություն կատարելու մասին։ Այն ներկայացրեց  կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ  Կառլեն  Պետրոսյանը։ Տեխնիկական ախտորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր զննության պահանջները, հիմնավորելով օրինագիծը՝ նշեց նա, սահմանում են միջազգային չափանիշների համապատասխանող սարքավորումների առկայություն, որն իր հերթին հանգեցնում է տվյալ ծառայության սակագների թանկացման։ Կառավարության լիազոր ներկայացուցչի հավաստմամբ՝ օրենքի ընդունումը թույլ կտա ԼՂՀ տարածքում փոխադրամիջոցների պարտադիր տեխնիկական զննությունն իրականացնել առավել մատչելի սակագներով։

Լսվեց նաև գլխադասային՝ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի (հանձնաժողովի նախագահ՝ Գագիկ Պետրոսյան) դրական եզրակացությունը։  Առարկություններ չհնչեցին, և օրենքն ընդունվեց։

Նիստն այնուհետև ընդունեց ՙՔաղաքացիական ծառայության մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ օրենքը, որի  նախագիծը՝ կառավարության լիազորմամբ, ներկայացրեց քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը։ Նշվեց, որ այն պայմանավորված է մայր օրենքի կատարելագրծմամբ, ինչպես նաև նրա կիրառման ընթացքում առաջացած մի շարք կարևորագույն իրավահարաբերությունների հստակեցմամբ։

Համապատասխանաբար, դրական էր գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (հանձնաժողովի նախագահ՝ Գարիկ Գրիգորյան) եզրակացությունը։

«Հանրաքվեի մասին՚»ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը նիստում քննարկվեց երկրորդ ընթերցմամբ։ Օրենսդրական նախաձեռնության հեղինակի իրավունքով ներկայացնելով այն, պատգամավոր Վահրամ Աթանեսյանը հաղորդեց, որ կառավարությունն առաջարկվող փոփոխություններն ու լրացումը գնահատելով սահմանադրության պահանջներին համապատասխանող, միևնույն ժամանակ ներկայացրել է առաջարկությունների մի ամբողջ շարք։ Նշելով, որ իբրև օրինագծի հեղինակ ինքը  լրիվությամբ համամիտ է այդ առաջարկություններին, պատգամավորը գործընկերներին կոչ արեց օրենքն ընդունել վերջնական տեսքով։

Դրական էր գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը։  Օրենքն ընդունվեց։

Վերջին օրինագիծը, որը, համաձայն օրակարգի, քննարկվեց նիստում, «ԼՂՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծն էր։ Այդ կապակցությամբ ԱԺ նախագահը հիշեցման կարգով նշեց, որ առաջին ընթերցումից հետո՝ փետրվարի սկսզբներին, կազմակերպվել էին խորհրդարանական լսումներ՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, որով, փաստորեն, լրիվությամբ ամփոփվել են բոլոր այն սկզբունքային տեսակետներն ու առաջարկությունները, որոնք հիմք կարող են հանդիսանալ ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունների համար։

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցման կարգով ներկայացրեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը՝ նշելով, որ առաջին ընթերցումից հետո տեղի ունեցած քննարկումների արդյունքում ստացվել են 8 պատգամավորական առաջարկություններ,  որոնց մեծ մասի վերաբերյալ ընդհանուր հայտարարի են եկել։ Օրինագծի ըստ այդմ փոփոխված տարբերակում, ասաց նա, մասնավորապես, համամասնական ընտրակարգով ընտրություններում հանդես եկող կուսակցության կողմից մուծվող ընտրական գրավը սահմանվում է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի, կուսակցությունների դաշինքի պարագայում՝ դաշինքի անդամ կազմող յուրաքանչյուր կուսակցության հաշվով 350-ապատիկի (մինչ այդ երկու դեպքում էլ ընտրագրավը հավասարապես 250-ապատիկ էր), իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրություններում պատգամավորության յուրաքանչյուր թեկնածուի հաշվով՝ 100-ապատիկի  չափով (նախկինում՝ 50-ապատիկ)։ Միևնույն ժամանակ, համամասնական ընտրակարգով ընտրություններում ընտրական շեմը կուսակցությունների պարագայում սահմանվում է 6 տոկոսի (նախկինում՝ 10 տոկոս), իսկ կուսակցությունների դաշինքի պարագայում՝ 8 տոկոսի (նախկինում՝ 15 տոկոս) չափով։

Օրինագծի առնչությամբ ներկայացնելով գլխադասային՝  պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արկադի Սողոմոնյանն առաջարկեց օրենքն ընդունել վերջնական տեսքով։

Խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց առաջարկությանը։

Ավարտելով օրինագծերի քննարկումները, նիստն այնուհետև՝ որպես օրակարգային հարցեր, լսեց և ի գիտություն ընդունեց  ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանի հաղորդումը` դատախազության 2009թ. տարեկան գործունեության մասին և ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի ամենամյա հաղորդումը, որը ներկայացրեց խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը։

Նիստում, համաձայն օրակարգի, տեղի ունեցավ 10-րդ նստաշրջանում օրենսդիր-գործադիր ավանդական հարցուպատասխանի առաջին ընթացակարգը։  Ներկա էին կառավարության անդամները` վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ։ Պատգամավորների բարձրացրած հարցերը վերաբերում էին հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառների ու  ոլորտների։

Նիստի ավարտին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, օգտվելով  կանոնակարգային լիազորություններից, հանդես եկավ 8-9-րդ նստաշրջաններում և, ընդհանուր առմամբ,  չորրորդ գումարման ընթացքում խորհրդարանի   գործունեության արդյունքների վերաբերյալ հանգամանալի հաղորդմամբ։

ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի անդրանիկ լիագումար նիստն ավարտեց իր աշխատանքները։

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն