ԼՂՀ օրենսդիր մարմինն իր գործունեության 18 տարիների ընթացքում ընդունել է 925 օրենք
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը երեկ հրավիրված լիագումար նիստում հանդես է եկել ելույթով ուր խոսել է ԼՂՀ
Ազգային Ժողովի գործունեության արդյունքների մասին: Նա ասել է. «Խորհրդարանի գլխավոր գործառույթը օրինաստեղծ աշխատանքն է, ուստի հարկ է փոքր ինչ հանգամանորեն կանգ առնել այդ ասպարեզում մեր կատարած աշխատանքի վրա։ Անցած ինը նստաշրջանում, ընդհանուր առմամբ, գումարվել են Ազգային ժողովի 57 լիագումար նիստեր։ Պատգամավորների մասնակցությունը լիագումար նիստերին եղել է բավարար: Վերջին երկու՝ 8-րդ և 9-րդ նստաշրջաններում խորհրդարանն ընդունել է 66 օրենք։ Իսկ անցած բոլոր նստաշրջաններում, միասին վերցրած, ընդունվել է 405 օրենք»,-ասել է ԱԺ նախագահը, հավելելով, որ ԼՂՀ օրենսդիր մարմինն իր գործունեության 18 տարիների ընթացքում ընդունել է 925 օրենք, որոնք կազմում են հանրապետության օրենսդրական դաշտը։ «Դա անգնահատելի արժեք է, մեկը այն կարևորագույն ձեռքբերումներից, որին հասել է Արցախի Հանրապետությունը` պառլամենտարիզմի ավանդույթների ձեւավորման ու պահպանման ուղղությամբ»:
Աշոտ Ղուլյանը խոսել է ԼՂՀ Սահմանադրության ընդունման մասին։ « Թող անհամեստություն չթվա, եթե ասեմ, որ այս հարցում խորհրդարանն իր կոչման բարձրության վրա գտնվեց, ընդ որում՝ անխտիր մեր բոլոր գործընկերների ակտիվ դերակատարության, գործադիր իշխանության հետ օրենսդիր մարմնի սերտ համագործակցության, հանրապետության հասարակական և քաղաքական ուժերի շահագրգիռ մասնակցության պայմաններում։ Նշեմ, որ Հիմնական օրենքի ընդունումից հետո անցած երեք տարվա ընթացքում Ազգային ժողովը հիմնականում, կարելի է ասել, գործող օրենսդրությունը համապատասխանեցրել է Սահմանադրության պահանջներին»։
ԱԺ նախագահը ասել , թե ԼՂՀ Սահմանադրության ընդունումն ազդարարեց ժողովրդավարական բարեփոխումների նոր փուլի սկիզբը պետականաշինության ասպարեզում, որոնք վերաբերում էին պետական կառավարման բոլոր ճյուղերի, այդ թվում, բնականաբար, նաև օրենսդիր մարմնի իրավասություններին ու գործառույթներին։«Մասնավորապես, երկրի Հիմնական օրենքով նախատեսված բարեփոխումների այդ գործընթացի առաջին կայացած իրողություններից են ԼՂՀ վարչապետի նշանակումը խորհրդարանի համաձայնությամբ, որը, հիշեցման կարգով նշեմ, տեղի է ունեցել 2007թ. սեպտեմբերի 14-ին, ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը՝ 2008թ. ապրիլի 16-ին, ԼՂՀ գերագույն դատարանի նախագահի նշանակումը՝ 2007թ. հոկտեմբերի 17-ին, ԼՂՀ գլխավոր դատախազի նշանակումը՝ 2007թ. դեկտեմբերի 19-ին, ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահի նշանակումը՝ 2007թ. դեկտեմբերի 26-ին, ԼՂՀ գերագույն դատարանի դատավորի նշանակումը՝ 2008թ. ապրիլի 16-ին, Ազգային ժողովից ԼՂՀ արդարադատության խորհրդի երկու իրավաբան անդամի նշանակումը՝ 2009թ. մարտի 25-ին»։
ԱԺ խոսնակն անդրադարձել է նաեւ Ազգային ժողովի` որպես քաղաքական մարմնի գործունեությանը: «Այդ ուղղությամբ իրականացվել են մի ամբողջ շարք միջոցառումներ, այդ թվում՝ մշտական հանձնաժողովների առանձին, ընդլայնված կամ համատեղ նիստեր, թեմատիկ լսումներ, գիտաժողովներ, կոնֆերանսներ և այլն, ընդունվել են Ազգային ժողովի և պատգամավորական խմբակցությունների հայտարարություններ»։
ԱԺ խոսնակը հիշատակել է, որ Արցախի Հանրապետության ԱԺ-ի կողմից կազմակերպվել են արցախյան կարգավորման խորհրդարանական երկու լսումները, դրանց արդյունքում ընդունվել են Ազգային ժողովի նախնական եզրակացությունը, այդ հարցով խմբակցությունների հայտարարություններն ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ քննարկումները: «Արցախյան ազգային- ազատագրական շարժման 20-ամյակի առթիվ անցկացվել է միջազգային գիտաժողով: Հասարակության համար առավել հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր քննարկվել են կլոր սեղանների, մշտական հանձնաժողովների ընդլայնված նիստերի ձեւաչափով: Հատկանշական է, որ նման բոլոր քննարկումներում հաջողվել է առավելագույնս ապահովել արտախորհրդարանական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների մասնակցությունը, իսկ համապետական կարեւորության խնդիրների ուսումնասիրությանը ներգրավվել են նաեւ փորձագիտական շրջանակները»,- ասել է ԱԺ խոսնակը:
«Համոզված եմ, որ չորրորդ գումարման Ազգային ժողովի գործունեությունը լուրջ նախադրյալ կհանդիսանա մեր երկրում խորհրդարանական ավանդույթների հետագա զարգացման ու խորացման, հաջորդ գումարման Ազգային ժողովի արգասաբեր գործունեության համար՝ ի շահ ԼՂՀ անկախ պետականության, ի կատարումն մեր ժողովրդի նվիրական իղձերի», – նման լավատեսությամբ ավարտելով իր խոսքը Աշոտ Ղուլյանն իր գործընկերներին մաղթել է հաջողություններ:
ArmAr.am












