Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Ա. Ռուստամյան. «Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ ուղարկելով՝ չի կատարել ՍԴ որոշումը»

Փետրվար 18, 2010թ. 15:11

20090602090719HYD-Drosh«Այս տեսքով մենք դեմ ենք արձանագրություններին եւ դեմ ենք լինելու, քանի որ դրանք մեր երկրի ապագայի համար վտանգ են ներկայացնում եւ նախապայմաններ ունեն: Եթե վերապահումներով այդ վտանգները չեզոքացվեն, ոչ մի խնդիր չկա վավերացնելու համար, քանի որ դրանք նաեւ համահունչ կլինեն ՍԴ որոշմանը»,- այսօր հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Նա ասել է, թե Նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ ուղարկելով՝ չի կատարել ՍԴ որոշումը, քանի որ ՍԴ-ն ասել է, որ այդ արձանագրությունները համապատասխանում են սահմանադրությանը, եթե ընդունում ենք իր իրավական դիրքորոշումները:

«Մենք շրջանառության մեջ են դրել նաեւ միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխությունների օրինագիծ, որով նախատեսվում է ԱԺ-ին իրավունք տալ միջազգային պայմանագրերը վավերացնել վերապահումներով, նաեւ այդ պայմանագրերը կասեցնելու կամ դադարեցնելու հնարավորություն տալ: Բոլոր դեպքերում, ԱԺ-ն պետք է մերժի հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը եւ գործադիր իշխանությունից պահանջի դրանք ետ բերել վերապահումներով»:

Հարցին, թե  ինչո՞ւ են այսօր  հանրապետականները փոխել իրենց նախկին դիրքորոշումը, այն է` ՀՀ-ն կվավերացնի արձանագրությունները միայն Թուրքիայից հետո, փոխարենն այսօր  հայտարարւմ են, թե  հայ-թուրքական արձանագրությունները առաջինը պետք է Հայաստանը վավերացնի: Հնչած դիտարկմանը Արմեն  Ռուստամյանը պատասխանեց. «Դա ցույց է տալիս, որ չկա հայեցակարգ այս հարցում, որ Հայաստանը կորցնում է իրավիճակի վրա ազդելու իր լծակները եւ մնացել է միայն գործընթացից դուրս գալը»:

Նրա խոսքով, եթե Հայաստանը հանդես է գալիս գործընթացից դուրս գալու սպառնալիքով, դա նշանակում է, որ Թուրքիան այս գործընթացից ստանալիք ուներ, եւ հիմա մենք սպառնում ենք, որ նա դա չի ստանա: «Բայց չէ որ մենք հայտարարում ենք, որ նախապայմաններ չկան, որ Հայաստանը լուրջ գին չի վճարել: Այդ դեպքում ինչո՞ւմն է սպառնալիքը»,-  հարցադրեց պրն Ռուստամյանն ու պատասխանեց. «Ակնհայտ է, որ հայ-թուրքական եւ ղարաբաղյան խնդիրները փոխկապակցված են, եւ տրամաբանական է, որ սկզբում լուծվի հայ-թուրքական հարցը, նոր միայն Ղարաբաղի խնդիրը, որովհետեւ եթե սկզբում լուծվի ԼՂ հարցը, կնշանակի, որ դրանով էր պայմանավորված հայ-թուրքական սահմանի բացումը: Այդ դեպքում էլ ի՞նչ իմաստ ուներ ստորագրել այս արձանագրությունները, քանի որ ԼՂ հարցի լուծումից ու ճանապարհների բացումից հետո, Թուրքիան առանց այդ էլ կբացեր սահմանը»:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն