Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Ձեւավորվում է հարկային մարմնի ներկայացուցչի ինստիտուտը

Փետրվար 18, 2010թ. 15:53

ՀՀ կառավարությունը հաստատել է հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու համար հարկ վճարողների եւ հարկային մարմնի ներկայացուցիչների ընտրության եւ նշանակման եւ նրանց աշխատանքի կազմակերպման կարգերը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին պարտավորեցրել մինչեւ ս.թ. մարտի 1-ը կառավարության հաստատմանը ներկայացնել հարկային ներկայացուցիչ նշանակելու համար օրենքով սահմանված հիմքերը բավարարող կարգով կազմված հարկ վճարողների 2010թ. ցանկը: Ակնկալվում է, որ որոշման շնորհիվ կկանոնակարգվեն հարկային ներկայացուցիչների նշանակմանն առնչվող խնդիրները: Իր ընդունած որոշումներով գործադիրը ուժը կորցրած է ճանաչել նախկինում կայացրած որոշումներից երեքը, ինչի արդյունքում հստակեցվելու են հարկային մարմին հաշվարկների, հաշվետվությունների, հայտարարագրերի եւ տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը, ոչ ռեզիդենտների  շահաբաժինների հարկման գործընթացը:

Հաշվի առնելով Սեւանա լճի ջրահավաք ավազանի վերաբերյալ կատարված նոր հետազոտությունների արդյունքները, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, կառավարությունը լրամշակել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը` նախագծում ընդգրկելով Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքը: Բացահայտվել են նաեւ լճի մակարդակի բարձրացումից հետո էկոտոնի սահմանների փոփոխությունները եւ դրանցից բխող խնդիրները, առաջարկվել են հետեւանքների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ:

Կառավարությունը հաստատել է բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված եւ ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական եւ դրամական արժեքների օգտագործման եւ դրանց հանձնման, հաշվառման եւ ոչնչացման կարգը: Որոշումն ավելի համապարփակ եւ ամբողջական ձեւով կկարգավորի նշված հարաբերությունները:

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ շենքերին եւ շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի կանխարգելման միջոցառումների ժամանակացույցին: Նախատեսվում է մշակել ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատվության տակ գտնվող շենքերին եւ շինություններին  վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի գույքագրման ծրագրային փաթեթը եւ տալ կանխարգելման միջոցառումների խոշորացված արժեքներով ֆինանսական գնահատումը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն