Գլխավոր » Լրահոս

Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ Երևանում

Փետրվար 18, 2010թ. 17:29

Նախորդ տարվա նոյեմբերի 12-13-ը Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վ. Սադովնիչիի միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկվել էր Հայաստանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու հնարավորությունը և հեռանկարները: Համաձայն պայմանավորվածության` ռուսական կողմը խոստացել էր Հայաստան գործուղել բուհի երկու պրոռեկտորներին` իրավիճակը տեղում ուսումնասիրելու, մասնաշենքի և ֆակուլտետային նախնական ընտրության վերաբերյալ հայկական կողմի առաջարկները քննարկելու նպատակով: Հանդիպումից երեք ամիս անց Հայաստան են ժամանել Մոսկվայի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր Ն. Սյոմինը և ուսումնական գծով պրոռեկտոր Ն. Անիսիմովը, որոնց այսօր ընդունեց նախարար Ա. Աշոտյանը: Ողջունելով հյուրերին` նախարարը նշեց, որ և հայկական, և ռուսական կողմն այս ընթացքում արել են հնարավորը` նախագծի իրականացման և պայմանավորվածությունը գործնական փուլ տեղափոխելու համար: “Համագործակցությունը կրթության ոլորտում մեր երկու երկրների համար համարվում է գերակա ուղղություն, և բարձրակարգ, որակյալ կրթության ապահովումն այսօր հանդիսանում է բարձրագույն կրթության ոլորտում մեր առաջնային խնդիրը”,-նշեց Ա. Աշոտյանը և հավելեց, որ մասնաճյուղի հիմնումը միտված է նախևառաջ բարձրագույն կրթության ոլորտում մրցակցության բարձրացմանը, ինչպես  նաև Մերձավոր Արևելքի և տարածաշրջանի մի շարք երկրների երտասարդների համար Հայաստանում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունների ընդլայնմանը: Նախարարը շեշտեց, որ հաշվի առնելով տարբեր երկրներում մասնաճյուղեր հիմնադրելու գործում ՄՊՀ-ի հաջողված փորձը` հայկական կողմն ուսումնասիրել է դրա ներդրման համապատասխան մոդելը` պահպանելով երկու երկրների օրենսդրական դաշտում գործող լիցենզավորման և հավատարմագրման հիմնական սկզբունքները:
Պրոռեկտոր Ն. Սյոմինը, շնորհակալություն հայտնելով ռուսական կրթության և, մասնավորապես, Մոսկվայի պետական համալսարանի  նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար, նախարարին փոխանցեց ռեկտոր Վ. Սադովնիչիի ողջույնները և հույս հայտնեց, որ մասնաճյուղի հիմնումը կնպաստի Հայաստանում կրթության որակի բարձրացմանն ուղղված գործընթացին: “Մեր երկրների միջև համագործակցությունն ունի խոր արմատներ և ձևավորված ավանդույթներ: Գաղտնիք չէ, որ մեծ է հայ գիտնականների ավանդը Ռուսաստանի գիտության զարգացման  մեջ, և ես վստահ եմ, որ այս համագործակցությունը երկու երկրների միջև արդյունավետ կլինի ոչ միայն գիտակրթական, այլ նաև սոցիալական  և մշակութային ինտեգրման տեսանկյունից: Բարձրակարգ կադրերի պատրաստման տեսանկյունից սա նոր, շատ կարևոր և, հուսով եմ, շարունակական քայլ է, որը թույլ կտա ավելի բարձրացնել Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում”,-նշեց պրոռեկտորը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նախագծի մանրամասներին. ըստ նախնական քննարկումների` սկզբնական շրջանում նախատեսվում է ունենալ երկու ֆակուլտետ:
Հանդիպման ավարտին Ա. Աշոտյանը հյուրերին մաղթեց արդյունավետ աշխատանք և  հույս հայտնեց, որ այս նախագիծը նոր խթան կհանդիսանա հետագա համագործակցության  համար:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն