Գլխավոր » Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական

1994 թ. փետրվարի 18. Քարվաճառը դարձյալ ԼՂՀ բանակի վերահսկողության տակ էր

Փետրվար 18, 2010թ. 18:05

2516003016 տարի առաջ` 1994-ի փետրվարի 18-ին, ԼՂՀ պաշտպանական բանակին հաջողվեց իր վերահսկողության տակ վերցնել Քարվաճառի հյուսիսային հատվածը, ներառյալ Օմարի լեռնանցքը:

Ներկայացնում ենք մի  հատված`  ԼՂՀ պաշտպանական բանակի  իրականացրած ռազմական գործողությունների մասին.

Մինչ այդ, փայլուն կերպով իրականացնելով պաշտպանական ռազմագործողությունը, ԼՂՀ պաշտպանական բանակի հարավային խմբավորումը հունվարի 12-ին անցավ հակահարձակման եւ ոչնչացրեց ադրբեջանական ռազմական հենակետերը Կորգան, Աշաղի Աբդուռահմանլու եւ Յուխարի Սեյիդահմեդլու բնակավայրերում: Սակայն դա էլ չօգնեց Ադրբեջանին հետ կանգնելու հերթական արկածախնդրությունից` մարտական թատերաբեմը տեղափոխել Սալահլի-Քենգերլի-Մարտակերտ-Լեւոնարխ-Մատաղիս-Օմար բնագիծ:
Առավել ծանր հատվածն Օմարի լեռնանցքի շրջանում էր: Հունվարի վերջին իրավիճակն այստեղ շեշտակի սրվեց: Ադրբեջանական զինուժին հաջողվեց Քարվաճառի ուղղությամբ զարգացնել իր հարձակողական գործողությունները եւ դուրս գալ Քարվաճառը Գյանջային կապող խճուղու խաչմերուկ: Հյուսիսային ռազմաճակատում իրադրությունը շտկելու նպատակով ԼՂՀ ՊԲ հրամանատարությունն այդտեղ կենտրոնացրեց 3-րդ, 4-րդ, 5-րդ և Կենտրոնական պաշտպանական շրջաններից ու 71-րդ եւ 54-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակներից ընտրված մի քանի հարվածային ստորաբաժանումներ:

Իսկ հունվարի 24-ին,  խաչմերուկի մոտ ադրբեջանական զորքերի առաջխաղացումը կասեցվեց:
Այդ ընթացքում գործողություններ էին սկսվել նաեւ Մարտակերտի հեռուստաաշտարակի, արեւելյան եւ հարավ-արեւելյան մարտագծի ողջ երկայնքով: Սակայն դրանք առավելապես ուշադրություն շեղելու նպատակ էին հետապնդում: Կարեւոր օղակը շարունակում էր մնալ հյուսիսային ուղղությունը:
Փետրվարի սկզբներին ղարաբաղյան զորքերն սկսեցին Օմարի վնասազերծման ռազմագործողությունը: Հակահարձակումն իրականացվեց հստակ եւ կտրուկ: Մեկը մյուսի հետեւից վերագրավվեցին Օմարի տարածաշրջանում տեղաբաշխված հակառակորդի ռազմական հենակետերը:

Արդեն փետրվարի 18-ի առավոտյան Քարվաճառի հյուիսային հատվածը` ներառյալ Օմարի լեռնանցքը, ամբողջությամբ  ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ էր: Ձախողվեց հակառակորդի հյուսիսային խմբավորման ռազմագործողությունը:
Ռազմական անհաջողությունները հյուսիսում Ադրբեջանին ետ չպահեցին մարտական գործողությունները շարունակելու մտադրությունից:
Փետրվարի վերջին եւ մարտի սկզբին թշնամին հարվածի ուղղություն ընտրեց Աշաղի Սեյիդահմեդլու բնակավայրից մինչեւ Հորադիզ ձգվող ճակատային գիծը: Ադրբեջանական ստորաբաժանումները` զրահատանկային ուժերի եւ հրետանու օժանդակությամբ ցանկանում էին ճակատային հարվածներով ճեղքել մեր զորքերի պաշտպանությունը եւ առաջ շարժվել դեպի Ֆիզուլի: Սակայն խոր էշելոնացված հրետանային ու հակատանկային պաշտպանությունը եւ զորքի բոլոր տեսակների լավ կազմակերպված փոխգործողությունը հակառակորդին թույլ չտվեցին հասնելու իր նպատակին: Ադրբեջանական կողմն այստեղ գործի էր դրել իր ողջ ռազմական ներուժը: Գրոհներ էին ձեռնարկվում եւ օդից, եւ ցամաքից: Հակառակորդի օդուժն օրվա ընթացքում մի քանի անգամ ռմբակոծում էր ղարաբաղյան դիրքերը, փորձում հոգեբանորեն ընկճել հայ զինվորին: Սակայն` ապարդյուն: Հաջողությունն ուղեկցեց նրան, ով կամքով արի էր եւ ուժեղ: Ղարաբաղյան ուժերին ոչ միայն հաջողվեց պահպանել ունեցածը, այլեւ որոշ հատվածներում անցնել հակահարձակման: Արդյունքում վերացվեցին Հորադիզ գյուղում եւ թիվ 271.8 նիշի բարձունքում տեղակայված ադրբեջանական հենակետերը:

Չնայած մարդկային, նյութական, դիրքային եւ տարածքային զգալի կորուստներին, ադրբեջանական կողմը այդուհանդերձ, համառորեն փորձում էր երկարացնել ռազմագործողությունների շղթան` հուսալով, թե այդպիսով իսկ կսպառի ղարաբաղյան բանակի ռազմական ներուժը:
Նման ինքնախաբեությամբ դրդված, հակառակորդը հարձակողական մարտեր էր սանձազերծում Կուրոպատկինոյից մինչեւ Աղդամ եւ դեպի հյուսիս ձգվող ճակատային գծի երկայնքով:

Ադրբեջանը նույնպիսի ինքնախաբեությամբ  տառապում է  նաև այսօր:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն