Նազարբաևը պատրաստ է աջակցել արցախյան հակամարտության կարգավորմանը
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով, որտեղ համանախագահում են Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան: Ելնելով այդ հանգամանքից՝ ԵԱՀԿ-ում նախագահող երկրները, դրանց առաջնորդները մշտապես պատրաստակամություն են հայտնել իրենց աջակցությունը բերելու Մինսկի խմբի համանախագահներին` հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ղազախստանի նախագահ պարոն Նազարբաեւը, որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկրի առաջնորդ, ով նաեւ քաջատեղյակ է հիմնախնդրի պատմությանը, արտգործնախարար Սաուդաբաեւի միջոցով իր բարի կամքն ու պատրաստակամությունն է փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ կազմակերպությունում Ղազախստանի նախագահության ընթացքում իր նպաստը բերելու հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- հայտարարել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը:
Նախագահի մամուլի քարտուղարը նաև ասել է, թե Կանատ Սաուդաբաեւը Վրաստան կատարած այցի ընթացքում հայտարարել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին է հանձնել Ղազախստանի ղեկավարի առաջարկները՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
ArmAr.am












