Գլխավոր » Լրահոս, Վերլուծական

«Ծադի, ջիփի…»

Փետրվար 19, 2010թ. 10:00

Վերջերս Ախալքալաքում ավտոմեքենայով կանգնած էինք մի խանութի առջև և սպասում էինք ծխախոտ գնող մեր մյուս ուղևորին: Մեր կողքով անցնող պարեկի մեքենայի միջից մեզ ձայն տվեցին. “ծադի ջիփի”: Կողքս նստած վարորդը շվարեց. “տեսնես ինչ ասեց. գնա, մոտեցիր, հեռացիր, իջիր թե այլ մի բան”: Ծխախոտի խանութի առջև հավաքվածներից ամեն մեկը (քանի որ Վրաստանում ծխախոտը տալիս են անձնագրի առկայության դեպքում միայն) ևս մի բան մտածեց և սկսեց բարձրաձայն դատողություններ անել. «հիմա կբռնեն», «կտուգանեն», «ոչ մի բան էլ չեն անի», «պարեկն ասեց` հետևիր ինձ….»: Ես, որ փոքր ի շատե տիրապետում եմ վրացերենին, հետաքրքրությամբ հետևում էի այս ամենին: Այսպիսի օրինակները բազմաթիվ են, վրացի պարեկի գրեթե յուրաքանչյուր զգուշացման ժամանակ:

Հայոց լեզվի իրավական կարգավիճակի ստացումը կարող է լուծել այս խնդիրը՝ հիմնովին։

Շատերի մոտ տարակուսանք կարող է առաջացնել, թե ինչպես կարելի է չտիրապետել պետական լեզվին: Շատ պարզ: Նման երկրներում, ինչպիսին Վրաստանն է, կիրառելի է երկու տեսակի պաշտոնների համակարգ` ֆեդերալ և պետական: Ֆեդերալ կամ դաշնային պաշտոնյաները պետք է առաջնահերթորեն տիրապետեն այն լեզվին, որը գործածվում է տվյալ տարածաշրջանային միավորում (մեր դեպքում` Ջավախքում): Պետական պաշտոնյաներից (օրինակ` Ջավախքի հարցերով ՆԳ փոխնախարարը կամ այլ նման պաշտոնյան) կարող են պահանջել վրացերենի իմացություն, քանի որ նրա գործունեության դաշտը այլ է: Այս են պահանջում Վրաստանի ստորագրած կամ չստորագրած միջազգային փաստաթղթերը: Տվյալ դեպքում, ինչպես նախատեսված է միջազգային օրենսդրությամբ, ֆեդերալ տարածքային միավորի վրա տեղի պաշտոնյաների գործածման պաշտոնական լեզուն կլինի միայն հայերենը, և այս պարագայում պարեկի զգուշացումը կլինի ոչ թե  “ծադի ջիփի” անհասկանալի լեզվով, այլ` «գնա (շարժվիր), ջիփ»` ջավախքցիների համար բնիկ և հասկանալի լեզվով: Միաժամանակ` պաշտոնների (տվյալ դեպքում` պարեկի) հավակնություն կարող են ունենալ նաև տեղի իրավաբան – մասնագետները, որը նաև կարող է մասամբ լուծել արտագնա աշխատանքի մեկնելու խնդիրը (արտագաղթի նվազում)։

Պետությունը պարտավոր է ըստ ամենայնի հեշտացնել իր քաղաքացիների կյանքը: Սա նորմալ պետության համար բնական ձգտում է, քանի որ քաղաքացիները` այսինքն հարկատուներն են պահում պետությանը և ոչ թե հակառակը: Այդ առումով, օրինակ, ԱՄՆ-ի հարավային նահանգներում, ուր մեծաթիվ են իսպանախոսները, չեք գտնի մի ոստիկանություն, շտապ օգնության հիվանդանոց կամ հրշեջ ծառայություն, որտեղ այդ մարդկանց հետ հաղորդակցվելու համար ծառայության վերցրած չլինեն իսպանախոսների: Չէ որ հնարավոր է, որ մեկը ոստիկանություն զանգելու, հրշեջ կանչելու կամ շտապ օգնության բժշկական պետքն ունենա, սակայն չիմանա անգլերեն: Ոչ ոք չի ասում, որ եթե նրանք ԱՄՆ-ի քաղաքացի են կամ հաճախ էլ անօրինապես են գտնվում երկրում, պիտի կրակի մեջ վառվեն կամ մնան առանց ոստիկանական պաշտպանության, քանի որ չգիտեն պետական լեզուն: Պետությունն է ժողովրդի համար և ոչ թե հակառակը: Գլենդեյլի, Փասադենայի կամ Հոլիվուդի վերոհիշյալ ծառայություններում հատուկ հայախոսների են ընդունում, քանի որ կա մի ստվար զանգված, որ բացի հայերենից այլ լեզու գրեթե չգիտի: Իհարկե, կգա ժամանակ, որ այդ մարդկանց սերունդները կդառնան անգլիախոս, բայց դա կլինի հետո: Այսօր իրականությունն իր պարտքն է համարում ոչ միայն այդ քաղաքացիներից հարկեր գանձելը, այլև իր քաղաքացիներին ծառայություններ մատուցելը: Ի վերջո հարկեր են վճարում ոչ միայն պետական լեզվին տիրապետողները, այլև չտիրապետողները: Հետևաբար, բոլորն էլ իրավացիորեն ակնկալում են վճարած հարկերի դիմաց համապատասխան վերաբերմունք:

Ներկայումս, ցավոք, Ջավախքում հայության ապրելն ավելի շատ մեխանիկական մի շարժում է դարձել, քան հայրենի հողի վրա իրավական կամ հոգևոր ներկայացվածություն:

Վահե Սարգսյան


Դիտել Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն