Դավութօղլուն Քլինթոնին դժգոհել է Կոնգրեսի Ցեղասպանության բանաձևից
Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Զրույցի առանցքը եղել են Իրանի միջուկային ծրագրերը և Թուրքիայի ստանձնած միջնորդական դերակատարությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Radikal» թերթի էլեկտրոնային կայքը: Նշվում է նաև, որ առաջիկայում սպասվում է Օբամա-Էրդողան հեռախոսազրույցը, որի ժամանակ կողմերը քննարկելու են ընթացիկ հարցեր:
Իրանի նախագահ Ահմադինեժադի և արտգործնախարար Մոթաքիի հետ կայացած հանդիպման մանրամասները Քլինթոնին հաղորդելով` Դավութօղլուն հավաստիացրել է, որ առկա միջուկային ճգնաժամը դիվանագիտորեն հաղթահարելու համար դեռ բավականաչափ պարարտ հող կա:
Աղբյուրի համաձայն` իրանական հարցը Միացյալ Նահանգների և Թուրքիայի համար լայն համագործակցության ասպարեզ է բացում:
Դավութօղլուն հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել է նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 4-ին քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության բանաձևին, հղելով հետևյալ ուղերձը. «Այդպիսի բանաձևը ոչ մեկի օգտին չէ: Այդ բանաձևի ընթացքը դադարեցրեք»:
Դավութօղլուի ընդգծմամբ` Անկարան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն միտված արձանագրություններն անկախ ամեն ինչից կյանքի կոչելու ցանկությունը ունի:
«Այդ իրավիճակում մեզ վրա ճնշում գործադրել, թե «ճանաչեք Ցեղասպանությունը», ոչ մի տրամաբանական հիմնավորում չունի»,- ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Ըստ «Radikal»-ի` նույն «մեսիջը» նախօրեին հղվել է նաև Անկարայում գտնվող ԱՄՆ պետքարտուղարության քաղաքական հարցերով խորհրդական Վիլիամ Բուրնսին:
ArmAr.am
Թեգեր` ԱՄՆ Կոնգրես, բանաձև, Դավութօղլու, Թուրքիա, Հայոց Ցեղասպանություն, Քլինթոն












