Դոկտոր Յոհաննես Լեփսիուսը հայերի ցեղասպանության մասին
ArmAr.am-ը ներկայացնում է մեծ հումանիստ, Սողոմոն Թեհլիրյանի դատապաշտպան Յոհաննես Լեփսիուսի վկայարանը, որտեղ հեղինակը ականատեսի աչքերով տալիս է անցյալ դարասկզբում Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած զարհուրելի իրադարձությունների իրական պատկերը, իրադարձություններ, որոնք ունեն միայն մեկ բնորոշում` մարդկության հանդեպ գործած մեծագույն ոճիր`ցեղասպանություն: Ներքոբերյալը մեկն է այն բազմաթիվ փաստագրություններից, որ Լեփսիուսը ներկայացրել է Եվրոպայի դատին: Վկայարան Հայերի տեղահանությունը կատարվել է երեք տարբեր շրջաններում և անցել իրար հաջորդող հետևյալ երեք էտապներով: Երեք խտաբնակ շրջանները, որտեղ հայերը կազմել են բնակչության նշանակալից մասը, (10-40 տոկոս), հետևյալներն են.
- Կիլիկիան և Հյուսիսային Սիրիան
- Արևելյան Անատոլիան
- Արևմտյան Անատոլիան…
Կիլիկիայի բնակչության տեղահանությունն սկսվում է մարտի վերջին և հետևողականորեն շարունակվում ապրիլ և մայիս ամիսների ընթացքում: Արևելյան վիլայեթների տեղահանությունը (բացառությամբ Վանի վիլայեթի) սկսվում է մայիսի վերջին և սիստեմատիկաբար շարունակվում մինչև հուլիսի 1-ը: Տեղահանությունը Արևմտյան Անատոլիայից, որն սկսվել էր օգոստոսին, շարունակվում է սեպտեմբերի ընթացքում: Հյուսիսային Սիրիայում և Միջագետքում սկզբում միջոցառումները սահմանափակվել են ազդեցիկ մարդկանց ձերբակալությամբ: Տարագրություններն սկսվում են մայիսի վերջին և շարունակվում մինչև հոկտեմբեր ամիսը… Անատոլիայի արևելյան վիլայեթներից տեղահանությունը իրագործվում է երկու էտապով: Կոստանդնուպոլսի մտավորականության ձերբակալությունից երեք օր առաջ, որը տեղի է ունեցել ապրիլի լույս 25-ի գիշերը, իշխանությունները ձեռնարկեցին մեծ թվով անվանի քաղաքացիների ձերբակալությունը ներքին մարզերի շատ քաղաքներում… Մայիսի երկրորդ կեսին հերթը հասավ Դիարբեքիրին…Այդ նույնը պատահեց նաև Բաբերդում և Յոզղաթում: Նույնպես…Մարաշում և Ուրֆայում: Քանի որ վերոհիշյալ քաղաքները գտնվում են հայաբնակ մարզերում, պետք է ենթադրել, որ խոսքը գնում էր համընդհանուր միջոցառման մասին, ինչը նպատակ ուներ հայ ժողովրդին զրկել իր առաջնորդներից և հռետորներից, որպեսզի արտաքսումը կարելի լիներ իրագործել առանց աղմուկի և դիմադրության: Ուզում էին նաև խանգարել այն բանին, որ երկրի ներսում կատարվող իրադարձությունների մասին լուրերը ժամանակից շուտ չդառնան հասարակայնության և Եվրոպայի սեփականությունը: Հունիսի սկզբից պետության մեջ վարչական պաշտոններ զբաղեցնող բոլոր հայերը հանվեցին իրենց պաշտոններից, իսկ բոլոր բժիշկները, որոնք պատերազմի սկզբից ևեթ հավատարմորեն կատարում էին իրենց պարտականությունները թուրքական զինվորական հոսպիտալներում, բանտ նետվեցին: Հազարավոր հայերի, պատվավոր ու կրթված մարդկանց` դեպուտատների, հրապարակախոսների, գրողների, բանաստեղծների, իրավաբանների, փաստաբանների, նոտարների, ծառայողների, բժիշկների, վաճառականների, բանկիրների և ունևոր ու ազդեցիկ մարդկանց բոլոր այդ ձերբակալությունները կատարվեցին առանց որևէ մի դատաքննության:Ոչ մի անգամ և ոչ մի դեպքում նրանց հանդեպ մեղադրանք հարուցված չի եղել պետության դեմ ուղղված որևէ թշնամական գործողության կամ նման մտադրության մեջ: Պարզապես նրանք (թուրքերը) ուզում էին գլխատել հայ ժողովրդին` նախքան նրա առանձին մասերի ջախջախմանն անցնելը…Բարձրագույն պաշտոնատար անձանց հասցեագրված հրամանները գալիս էին Ստամբուկից և, չնայած այն դիմադրությանը, որ ցուցաբերվում էր առանձին պետական ծառայողների, իսկ որոշ դեպքերում` նույնիսկ հենց թուրք բնակչության կողմից, այնուամենայնիվ, դրանք անշեղորեն և անողոքաբար կատարվում էին: Միջոցառումների երկրորդ էտապը, որ նախորդել է համընդհանուր տարագրությանը, վերաբերում է բնակչության արական մասին, որը բանակ էր կանչվել կամ արդեն այնտեղ ծառայում էր այս իրադարձությունների ժամանակ:Զինվորական ծառայության մեջ գտնվող հայերը, որոնք ռազմական մինիստրի վկայությամբ քաջաբար մարտնչում էին ոչ միայն Դարդանելում, այլև Կովկասյան ճակատում` Ռուսաստանի դեմ, մեծ մասամբ զինաթափվել են և օգտագործվել բանակի կարիքների համար` որպես բեռնակիրներ կամ ճանապարհների վերականգնման վրա աշխատողների: Համարյա բոլոր գավառներից լուրեր են ստացվել, որ ոչ միայն հարկադիր աշխատանքի մեջ գտնվող հայերն են տարվել խուլ տեղեր և սպանվել իրենց ընկեր-մուսուլմանների ձեռքով, այլև ամբողջ խմբեր` 80,100 և ավելի մարդուց բաղկացած, գնդակահարվում էին զինվորների ու զինվորական ժանդարմերիայի ձեռքով` իրենց սպաների հրամանի համաձայն: Հավանաբար երբեք, համենայն դեպս մինչև պատերազմի ավարտը, չի պարզվի, թե ինչ չափեր էր ընդունել բանակ զորակոչված հայերի սպանությունը: Զինվորական պարհակ կատարելու պատրվակով շատ քաղաքներում և գյուղերում 16-70 տարեկան տղամարդկանց, չնայած այն բանին, որ նրանք բանակում ծառայելուց ազատվելու համար հարկ էին վճարել կամ պիտանի չէին բանակում ծառայելու, շարասյուներով տարել են լեռները և գնդակահարել`առանց նախնական որևէ քննության, ինչն, ի միջի այլոց, ոչ ժամանակը, ոչ հանգամանքները թույլ չէին տալիս կատարելու… Մենք արդեն նշել ենք, որ չպետք է ծանրակշիռ համարել այն փաստարկները, որոնք բերվում են արտաքսումը հիմնավորելու համար: Բացառությամբ Վանի շրջանի, որը խուսափեց տեղահանությունից, քանի որ այն գրավված էր ռուսական զորքերի կողմից, երկու-երեք տեղերի, որտեղ հայերը դիմադրություն ցույց տվեցին (Զեյթուն, Շապին-Գարահիսար), մնացյալներն այնքան հեռու են մերձճակատային գոտուց, մեկուկես միլիոն բնակիչների արտաքսումը, որոնք ցրված էին կայսրության բոլոր մասերում, մանավանդ ռազմական գործողությունների թատերաբեմից հեռու գտնվողների, ոչ մի չափով չի կարելի արդարացնել ռազմական նկատառումներով: Միակ բացատրությունը, որ հիմք չի տալիս կառավարության այդ միջոցառման մեջ խելացնորության ակտ տեսնել, դա այն է, որ (կառավարությունը) գործում էր համաձայն ներքաղաքական պլանի ու սառնարյուն հաշվարկով և նախապես կշռադատված մտադրությամբ իր առջև խնդիր էր դրել ոչնչացնել հայկական էթնիկ տարրը…












