Թույլատրելի՞ է արդյոք Հայաստանում ցեղասպանությունը ժխտող գրականություն հրատարակելը
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում լսվեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայցն ընդդեմ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի (տնօրեն՝ Ալեքսանդր Իսկանդարյան)։ Հիշեցնենք, որ 2009թ. սեպտեմբերին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը դատական հայց էր ներկայացրել Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը մեղադրում էր «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամին և նրա տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանին Հայոց Ցեղասպանությունը ժխտող գրականություն թարգմանելու, հրատարակելու, տարածելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանություն բառերը չակերտավոր օգտագործելու մեջ։ Սակայն, ինչքան էլ որ զարմանալի էր, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարինե Պետրոսյան, 2009 թվականի դեկտեմբերի 4-ի վճռով կարճեց դատական այս գործը` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը, դիմելով ՀՀ վերաքննիչ դատարան, դատական հայցում մանրակրիտ ներկայացրել էր խնդրի էությունը և խնդրել բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 4-ի վճիռը` գործն ուղարկելով նոր քննության:
Ինչպես Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած նիստին, այսօր ևս հայցվոր կողմի՝ դատական նիստը տեսա-լուսանկարահանելու վերաբերյալ միջնորդությանը դեմ հանդես եկավ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի շահերը պաշտպանող Վահագն Գրիգորյանը։ Դատարանը՝ քաղաքացիական օրենսգրքի 114/3 հոդվածի հիման վրա, ըստ որի, եթե կողմերից մեկը համաձայն չէ, որպեսզի նիստը նկարահանվի, այն չպետք է նկարահանվի, արգելեց նիստի տեսա-լուսանկարահանումը։ Այս ամենից հետո դատավոր Արսեն Մկրտչյանը չափազանց հանգամանալից ներկայացրեց հայցվոր կողմի այն փաստարկները, ըստ որոնց, ընդհանուր իրավասության դատարանը չպետք է կարճեր դատական այս գործը։
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը դատարանի ուշադրությունը հրավիրել էր հայցի հարուցմամբ հետապնդվող իրավաչափ այն նպատակների վրա, ըստ որոնց, Հայոց Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքականության և ազգային անվտանգության ռազմավարության բաղկացուցիչ մաս, հետևաբար, որևէ կերպ դրա հերքումը, ժխտումը, մեղմացումը, դրա կատարված լինելու վերաբերյալ ցանկացած կասկածի դրսևորումը, այդ թվում՝ ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումը, ոտնձգություն են ՀՀ ազգային անվտանգության, հանրային շահի, հանրության բարքերի, սահմանադրական կարգի, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում շահագրգիռ անձանց, ներառյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի դեմ: Բացի այդ, Ցեղասպանության հերքումը հանդիսանում է միջազգային նախադեպային և սովորութային իրավունքի խախտում, դատական պրակտիկայի անտեսում։ Ցեղասպանության հերքումը ճանաչվում է ցեղասպանության անբաժանելի մաս, որը ևս քրեականացված է մի շարք երկրներում: Այսինքն` ցեղասպանությունն արգելված է նաև միջազգային սովորութային իրավունքով, որը հավելյալ պարտականություններ է նախատեսում և՛ պետությունների, և՛ անհատների համար:
Նշյալ հոդվածի տպագրումով Հայոց ցեղասպանությունն ուղղակիորեն հերքելով և չակերտների մեջ առնելով` «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը փաստորեն միջնորդավորված կերպով նպաստում է Թուրքիայի հակահայկական ռազմավարության իրականացմանը: Ըստ այդմ, հայցվոր կողմը համոզված է, որ ցեղասպանության երևույթը կանխարգելելու և դատապարտելու նպատակով, պետք է բացառել Հայոց ցեղասպանությունը որևէ ձևով հերքելը, այդ թվում՝ այն չակերտների մեջ առնելը:
Նշենք, որ Ալ. Իսկանդարյանը, այս դատական նիստին ևս ներկա չէր։ Հասարակական լայն հնչեղություն ստացած այս դատական գործի վճիռը ՀՀ վերաքննիչ դատարանը կհրապարակի մարտի 5-ին։
Մեկնաբանելով դատական այս գործընթացը՝ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը նշեց, որ արդարության հասնելու համար իրենք կանցնեն բոլոր հնարավոր օրինական ճանապարհներով։ Այդ ընթացքում կպարզվի, թե Հայաստանի Հանրապետության կենսական անվտանգության շահերը, հայ ժողովրդի հանրային շահերը, Սահմանադրական կարգն ինչպե՞ս են պահպանվում ու պաշտպանվում ՀՀ իրավական ատյաններում։ «Մարտի 5-ին կհրապարակվի վճիռը։ Եթե վերաքննիչ դատարանը հաստատի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անօրինական վճիռը, ապա մենք ստիպված կլինենք բողոքարկելու ՀՀ վերջին դատական ատյան՝ Վճռաբեկ դատարան»,- ասաց Ա. Այվազյանը
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրենն ընդգծեց, որ զարմանալի է այն իրավիճակը, որ ստեղծվել է ՀՀ-ում։ Այդ իրավիճակում Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու կոչված շատ մեխանիզմներ, որոնք հաստատված են օրենքներով՝ այդ թվում Սահմանադրությամբ ու միջազգային պարտավորություններով, գտնվում են բարձիթողի վիճակում կամ՝ ուղղակի չեն գործում՝ դրանով իսկ զրկելով հայ ժողովրդին կենսականորեն անհրաժեշտ պաշտպանական մեխանիզմներից։ Դրա ապացույցն էր ընդհանուր իրավասության (առաջին ատյանի) դատարանի այն վճիռը, որով կարճվեց դատական այս գործը։ «Խնդիրը վերաբերում է հետևյալին՝ թույլատրելի՞ է արդյոք Հայաստանում ցեղասպանությունը ժխտող գրականություն հրատարակելը։ Մենք համոզված ենք, որ դա անթույլատրելի է և´ ՀՀ, և´ ՀՀ-ի կողմից ստորագրված միջազգային օրենքներով։ Ընդհանուր իրավասության դատարանը որոշեց, որ թույլատրելի է՝ դրանով իսկ լրացնելով ՀՀ պետական և նրա բնակչության հանրային շահերին «Կովկասի ինստիտուտի» խնդրո առարկա հրապարակումով արդեն իսկ հասցված վնասը»,-նշեց Արմեն Այվազյանը։
Գոհար Փիլթոյան












