Կիպրոսի խորհրդարանն արգելք է դրել Թուրքիայի առջև
Կիպրոսի Հանրապետության խորհրդարանն ընդունել է մի հռչակագիր, որը, «CnnTurk»-ի, կիպրական հարցի շուրջ ընթացող բանակցություններում կարող է որպես հաղթաթուղթ օգտագործվել թուրքական կողմի դեմ: Ընդունված փաստաթուղթը դեմ է հանդես գալիս Անկարայի` երաշխավորի կարգավիճակով կիպրական բանակցություններին միջամտելու հնարավորությանը:
Հիշյալ փաստաթղթի ընդունումից առաջ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) նախագահ Մեհմեթ Ալի Թալաթը զանգահարել էր Կիպրոսի նախագահ Դիմիտրի Խրիստոֆիասին և այդ երկրի ընդդիմության առաջնորդ Նիկոս Անաստասիադիսին և ցանկություն հայտնել, որ խորհրդարանը նման փաստաթուղթ չվավերացվի, բայց, փաստորեն, ապարդյուն:
Հունական խորհրդարանի ընդունած որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Եվրամիության անդամ Միացյալ Կիպրոսի Հանրապետությունում բացառվում է երաշխիքների ու երաշխավորների առկայությունը»:
Տեղեկացվում է նաև, որ, ըստ հունական լրատվամիջոցների, ՀԿԹՀ վարչապետ Էրօղլուն նախազգուշացրել է, որ Կիպրոսի թուրքական խորհրդարանն էլ կարող է դրան հակառակվող բանաձև ընդունել:
Այժմ ՀԿԹՀ խորհրդարանն աշխատանքներ է տանում այն ուղղությամբ, որպեսզի Կիպրոսի խորհրդարանի և Եվրախորհրդարանի ընդունած որոշումներին ի հակառակ` բանակցություններում երաշխավորության համակարգը չհանելու մասին որոշում ընդունի:
Հիշեցնենք, որ վերջերս Եվրախորհրդարանը պահաջել էր` թուրքական զինուժը դուրս բերել Կիպրոսից:












