Փետրվարի 21-ին Հայաստանում նշվեց Մայրենիի օրը
Փետրվարի երկրորդ տասնօրյակը Հայաստանում ավարտում ենք գրքի տոնով, սկսում` Մայրենի լեզվի օրը նշելով: Եթե գիրք նվիրելու օրը ընդամենը երկու տարի է, ինչ նշում ենք, ապա 2010-ի փետրվարի 21-ին Մայրենիի օրը տոնեցինք արդեն 6-րդ անգամ:
Տոնում ենք, բայց …
«Շատ եմ մտածել այդ մասին, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ: Այն լեզուն, որով հիմա խոսում ենք, աղավաղվո՞ւմ է, թե՞ ոչ: Չէ որ միշտ էլ այդպես է եղել. գրաբարն էլ, խոսակցականում փոփոխվելով, դարձավ աշխարհաբար: Հիմա ո՞րն է բնական զարգացման ընթացքը »,- հարցնում է Մարիամը: Նա 22 տարեկան է, ստեղծագործում է, զբաղվում է լրագրությամբ: Թեպետ ամեն կերպ ինքը փորձում է պահպանել մաքուր հայերենը, դեռևս կասկածում է` առանց փոփոխությունների լեզուն ինչպե՞ս պիտի զարգանա. «Ամեն դեպքում չենք կարող լեզուն մեկուսացնել: Մենք ունենք բազմաթիվ փոխառություններ պարսկերենից, որ դարձել են գրական լեզվի մաս»:
Իհարկե, լեզվի զարգացման խնդիրն այլ է, բայց այն, որ անգրագիտությունը խեղդում է մեզ, փաստ է. «Հեռուստաընկերություններում շատ են կիսագրագետները. ով հասնում է, հայտնվում է այնտեղ ու հաղորդում է վարում: Այդտեղից էլ ամեն ինչ սկսվում է… Լինում են նաև շատ հաջող արված գովազդներ, բայց սարսափելի լեզվով:
Հետո հեռուստատեսությունից ու գովազդներից եկած այդ ձևերը տարածվում են ու մտնում խոսակցական լեզու:
Գոնե հրապարակային խոսքի համար պետք է գրագետ մարդիկ լինեն, առօրյա-խոսակցական լեզուն, որ փողոցում է գործածվում, ուրիշ է»:
Իսկ ի՞նչ դեր ունեն համապատասխան գերատեսչությունները այս հարցում, որքանո՞վ Մայրենիի տոնը կօգնի շտկելու իրավիճակը:
Լեզվի տեսչությունն էլ պարբերաբար խոսում է այդ մասին, բայց ոչ մի բան չի փոխվում»: Իսկ լեզուն կարող է նաև վրեժխնդիր լինել:
ArmAr.am












