Արցախյան հիմնախնդրում Ղազախստանի միջնորդությունը չի կարող չլինել կողմնակալ
Դժվար է հիշել մեկ այլ ժամանակահատված, երբ արցախյան հիմնախնդիրը միջազգային ասպարեզում այսչափ քննարկվեր` միաժամանակ մի շարք երկրների կողմից: Այսօր հայտնի եռյակից բացի հիմնախնդրով սկսել են հետաքրքրվել նաև այլ պետություններ, որոնք փորձում են նաև հաշտատարի ուրույն դեր ստանձնել: Ժողովրդական լեզվով ասած` տեղից վեր կացողն իրեն միջնորդ-հաշտատար է հայտարարում: Վերջերս նման հայտը շտապեց ներկայացնել նաև Ղազախստանը:
ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնած Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սուդաբաևը, նախ Բաքվում, ապա Երևանում հայտարարեց` մտադիր է նպաստել այս ձգձգված հակամարտության կարգավորմանը։ ԱՄՆ-ը շտապեց հավանության արժանացնել Ղազախստանի պատրաստակամությունը, անգամ խոստացավ` ամեն կերպ օժանդակել նրան` «միջազգային գործընթացների համակարգողի» պարտականություններում։
Չենք կարող չարձանագրել, որ Ղազախստանի մուտքը խիստ ոգևորել է Ադրբեջանին ևս: Դա պայմանավորված է նաև նրանով, որ Ադրբեջանն այլևս արցախյան խնդրում առանձնապես հույսեր չի կապում Թուրքիայի հետ: Մի բան հստակ է, Թուրքիային չհաջողվեց իրականցնել իր նոր քաղաքակությունն ու վերածվել տարածաշրջանային գերտերության` դրանով իսկ ստանձնելով` «հարցեր լուծողի դեր»: Ինչպես ժողովրդական խոսքն է ասում «հալվա ասելով բերանդ չի քաղցրանա». Թուրքիայի պարագայում ևս` «զրո խնդիրներ հարևանների հետ» հայտարարելով, բնավ չնշանակեց առկա խնդիրների զրոյացում: Հակառակը, այն քաղաքականությունը, որն այսօր իրականցնում են Թուրքիայի իշխանությունները, ամենևին չի տանում կուտակված խնդիրների զրոյացման:
Ադրբեջանը ևս հույսը կտրել է «մեծ եղբորից»: Հիշենք, թե ամիսներ առաջ ինչ վայնասուն էր բարձրացնում Բաքուն, երբ Թուրքիայի իշխանությունները Հայաստանի հետ հարաբերություններում փորձում էին անել քայլեր, որոնք առանձնապես հաճելի չէին իր համար: Օրումեջ ադրբեջանական պատվիարկներ էին շտապում Անկարա, փորձում հերթական երդումը կորզել «թուրք եղբայրներից»: Իսկ այսօր, դժվար չէ նկատել, որ ադրբեջանական վայնասունն այլևս լռել է: Եվ դա պատահական չէ: Ադրբեջանը համոզվեց, որ Թուրքիան` ոչ կարող է զրո խնդիրներ ունենալ, ոչ էլ առավել ևս դառնալ տարածաշրջանում խնդիրներ լուծող տերություն: Ինքն իր ներսում տարբեր խնդիրներից ճաքեր տված Թուրքիայի գլխին այսօր դամոկլյան սրի պես կախված են քրդական, հայկական, կիպրական խնդիրները:
Եվ ահա, այս իրավիճակում արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում միջնորդական հայտարություն է հնչում Ղազախստանի կողմից: ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սուդաբաևն իր երկիրը բնորոշել որպես հարավկովկասյան տարածաշրջանում խնդիր չունեցող, հետևապես` միջնորդի դերի համար խիստ նախընտրելի:
Սուդաբաևի կարծիքը շտապեցին պաշտպանել Ադրբեջանն ու Թուրքիան:
Ղազախստանը միաժամանակ հայտարարեց, թե «հավասար հարաբերություններ ունի հակամարտության կողմերի հետ», քանի որ տարածաշրջանում չունի տնտեսական ու քաղաքական հետաքրքրություններ: Բայց ազնի՞վ էր, արդյոք, իր խոսքում ԵԱՀԿ գործող նախագահը:
Այսպես. նախ տնտեսական շահերի մասին. ո՞վ կարող է ժխտել Ադրբեջանի ու Ղազախստանի առևտրատնտեսական համագործակցությունը Կասպից ծովում: Վերջապես, Բաքու-Ջեյհան նավթամուղը, որով պետք է ղազախական նավթը հոսի Ադրբեջանից դեպի Թուրքիա։
Դառնանք ղազախական կողմի քաղաքական հավակնություններին. չնայած Սուդաբաևը փորձում է ժխտել դրա առկայությունը, սակայն ակնառու են ղարաբաղյան հիմնախնդրին մասնակից դառնալու այս երկրի քաղաքական հավակնությունները. Ղազախստանը նպատակ ունի հենց թեկուզ այդ միջնորդությամբ մասնակից դառնալ Հարավային Կովկասի զարգացումներին, դրանով իսկ հայտնվել քաղաքական խաղացողների կողքին` հանձին ԱՄՆ-ի, Ֆրանսիան ու Ռուսաստանի: Բացի այդ, հակամարտության լուծման հարցում ինչ-ինչ դեղատոմսերի առաջարկումը նրան հնարավորություն կտա եվրոպական քաղաքական բեմահարթակում ներկայանալ շահեկան լույսի ներքո:
Եվ վերջապես. Սուդաբաևը հայտարարեց, թե արցախյան հակամարտության պատմությանը լավ ծանոթ են իր երկրում: Թե որ չափով է արցախյան հակամարտությունը ընկալվել Սուդաբաևի հայերնիքում, պարզ երևում է այս երկրի ղեկավարների հայտարությունների բովանդակությունից, որոնցում ամեն անգամ շեշտվել են Ադրբեջանի դիրքորոշումների պաշտպանությունը: Ղազախստանը մշտապես հադես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանի դիրքերից: Մինչդեռ հակամարտության իրական բովանդակությանը իրազեկ երկիրը կգիտակցեր, որ արցախյան հակամարտության կարգավորումը չի տեղավորվում տարածքային ամբողջականության շրջանակներում, որ այս հակամարտության համար կիրառելի միակ սկզբունքը ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքն է:
Ինչպես տեսնում ենք Ղազախստանը եղել ու շարունակում է մնալ ադրբեջանամետ դիրքորոշումներ կրող երկիր:
Ահա թե ինչու Սուդաբաևի` արցախյան հիմնախնդրում որպես միջնորդ հանդես գալու նախաձեռնությունից խիստ ոգևորվեց թե Ադրբեջանը, թե թուրքական կողմը: Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարեց. «Մենք պատրաստ ենք Ղազախստանի հետ համատեղ գործել։ Թուրքիան Աստանայից սպասում է կարևոր քայլերի ձեռնարկում այս հիմնախնդրի լուծման ուղղությամբ»։
Ադրբեջանի ոգևորությունը հասավ իր գագաթնակետին: Ղազախստանի մասնակցությունը Ադրբեջանին նոր հույսեր է ներշնչում նաև այն առումով, որ ի վերջո, նրան կարող է հաջողվել փոփոխություն մտցնել Մինսկի խմբի ձևաչափում: Ադրբեջանական կողմից հայտարարություններ հնչեցին, թե «Ղազախստանը տարածաշրջանային պետություն է և ավելի մեծ հիմքեր ունի միջնորդական առաքելություն ստանձնելու, քան համանախագահների եռյակը։ Որովհետև ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան ավելի շատ զբաղված են ճոպանը ձգելով` ելնելով իրենց բարդ հարաբերություններից, իսկ Ղարաբաղի հարցը նրանց համար ընդամենը միջոց է»։
Տեղին է հիշեցնել նաը Սուդաբաևի Բաքվում արած ջերմ շեշտադրումները` երկու ժողովուրդների հոգեկերտվածքի ընդհանրությունների մասին: Մի բան որի մասին ամենևին չխոսվեց ու չէր էլ կարող խոսվել Երևանում…
Այսքանից հետո ինչպե՞ս կարող ենք պնդել, թե Ղազախստանը ի վիճակի է լինել անկողմնակալ ու անաչառ միջնորդ` արցախյան հակամարտության կարգավորման հարցում:
ArmAr.am












