Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական

Հետդարձ չկա, առաջ գնալ չի լինում, տեղում մնալն էլ վտանգավոր է

Փետրվար 22, 2010թ. 14:00

a-12826-bԹուրքիայի ներքաղաքական ու արտաքին քաղաքական իրավիճակը հայտնվել է «բարձր լարման» տակ: Գերլարված ու շիկացած մթնոլորտը գոնե թուրք հանրության համար առայժմ հուսադրող չէ և լավատեսության հիմքեր կարծես չի տալիս:

Արտաքին քաղաքական իրադրություն

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի ղեկավարած գերատեսչության «Զրո խնդիր հարևանների հետ» ռազմավարական հիմնադրույթը թեև դեռ չի սպառել իրեն, բայց մեծ հաշվով դեռ ոչինչ էլ չի զրոյացրել: Ավելին` նույնիսկ նոր խնդիրների առաջացման պատճառ է դարձել:

«Պրն նախարարը նման է այն աստղագետին, ով երկնքի աստղերին նայելով, ընկել է իր առջևի փոսի մեջ»,- Դավութօղլուի մասին այսպես է արտահայտվել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Շյուքրու Էլեքդաղը` նկատի ունենալով Հայաստանի հետ մերձեցման գործընթացի հետևանքով եղբայրական Ադրբեջանի վստահության կորուստը: Ընդ որում, նույն այդ պատճառահետևանքային կապի տրամաբանության շրջանակներում կարելի է դիտել նաև գազի գնի անհաշտ սակարկությունը Բաքվի ու Անկարայի միջև, մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմի փոխադարձ հանման ծրագրի ձախողումը:

Առանձնապես լավ վիճակում չեն նաև Թուրքիայի գործերը Մերձավոր Արևելքում: Հոգեվարքի մեջ են հայտնվել թուրք-իսրայելական հարաբերությունները: Անկարայի ու Թել-Ավիվի միջև հաճախադեպ են դարձել դիվանագիտական սկանդալները, որի հետևանքները ոչ միայն քաղաքական են, այլև տնտեսական: Օրինակ` իսրայելցի զբոսաշրջիկների թիվը Թուրքիայում կտրուկ նվազել է:

Կիպրոսյան բանակցություններում ևս ընթացքն անհաջող է Անկարայի համար: Ամենամեծ անհաջողությունը Եվրախորհրդարանի զեկույցն էր, ըստ որի, պահանջվում էր թուրքական զինուժը դուրս բերել Կիպրոս կղզուց և բացել նավահանգիստները հունական նավերի առաջ: Օրերս էլ Կիպրոսի Հանրապետության խորհրդարանը վավերացրեց մի հռչակագիր, որը երրորդ պետության նկատմամբ արգելք սահմանեց երաշխավորի կարգավիճակով ընդգրկվել բանակցությունններում: Փորձագետների գնահատմամբ` դա նախևառաջ ուղղված էր Անկարայի դեմ և որպես հաղթաթուղթ է կիրառվելու թուրքական կողմի դեմ ընթացիկ բանակցություններում:

Հայ-թուրքական կարգավորման գործընթացը սխալ հունով տանելու պատճառով Թուրքիան վտանգել է իր միջազգային համբավը, տարածաշրջանում հուսալի գործընկերոջ հեղինակությունը և ընդհանրապես մսխում է իր «քաղաքական կապիտալը»: Շարունակելով նախապայմանների թմբկահարումը թուրքերն առավել խոցելի են դարձնում իրենք իրենց: Ցեղասպանության միջազգային ճանաչման արշավն էլ իր հերթին խուճապ է առաջացրել թուրքական դիվանագիտական կորպուսում: Այսպես` Շվեյցարիայում դատապարտվեցին Հայոց ցեղասպանությունը ժխտած երեք թուրքեր, Շվեդիա ժամանած թուրք խորհրդարանականները անսպասելիորեն տեղեկացան, որ սոցիալ-դեմոկրատները Ցեղասպանության մասին բանաձև են շուտով մտցնելու խորհրդարանի օրակարգ, իսկ մարտի 4-ին էլ ԱՄՆ Կոմգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձանժողովում քվերակության է դրվելու Հայոց ցեղասպանության բանաձևը: Ակնհայտ է` արտաքին ճակատում թուրքերը խնդիրների վրա խնդիրներ են ավելացնում, համենայնդեպս, աղաղակող փաստերն այլ բան չեն ասում:

Ներքին քաղաքական իրադրություն

Թուրքիայի դատախազական համակարգում որոշ ուժայիններ ճակատային բախման են գնացել: Ինչպես թուրք ընդդիմադիրներն են նկատել տալիս, հանրապետական Թուրքիայի ողջ պատմության ընթացքում չէր արձանագրվել դեպք, երբ դատախազի հրահանգով մեկ այլ դատախազ ձերբակալվեր: Աննախադեպ այդ իրադարձությունը տեղի էր ունեցել անցած շաբաթ, երբ ձերբակալվեց Էրզիջանի (Երզնկա) հանրապետական դատախազը: Սա անկայունություն է առաջացրել ուժայինների ճամբարում և քաոսի վերածվելու նախանշաններ է ցույց տալիս:

Երկրում շարունակում է անհանգիստ մնա քրդական տարրը: «ՔԲԿ»-ի (Քրդական բանվորական կուսակցության) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ձերբակալության 11-րդ տարելիցի կապակցությամբ քրդերը դարձյալ խռովությունների ալիք են բարձրացրել: Ռետինե մահակներով, արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով քուրդ խռովարարներին սաստելու գործելաոճը հետզհետե փոխարինվում է ռազմական օպերացիայով, ինչը վկայում է իրավիճակի  օրհասականության մասին: Թուրք ոստիկաններին փոխարինում են զինվորական ստորաբաժանումները, ընդ որում` հատուկ նշանակության: Օրինակ` անցած շաբաթ քրդական դիմակայության միջնաբերդ համարվող Թունջելի (Դերսիմ) գավառում լայնածավալ ռազմահետախուզական օպերացիա իրականացվեց թուրք հատուկ ջոկատայինների կողմից:

Անանուն աղբյուրներից տեղեկացվել է, որ դրանք ավելի հաճախակի ու լայնամասշտաբ են լինելու սկսյալ մարտ ամսից: Իսկ փետրվարի 19-ին էլ Դիարբեքիրի տակտիկական նշանակության ռազմական ավիաբազայի հինգ մարտական ինքնաթիռներ հատել էին իրաքյան Քուրդիստանի օդային սահմանը:

Ներքաղաքական այս անկայունությունն ու խիստ պայթյունավտանգությունն Անկարային չափազանց ռիսկային իրավիճակի մեջ են գցել: Մի իրավիճակ, երբ իսկապես հետդարձ չկա, առաջ գնալ առայժմ չի ստացվում, իսկ տեղում մնալն էլ վտանգավոր է:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն