Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

ՀՀ ՊՆ-ի պատասխանը

Փետրվար 22, 2010թ. 16:00

Ի պատասխան վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներում տպագրված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարի բաց նամակին

ՀՀ ԶՈՒ 50869 զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գրիգոր Սահակի Հակոբյանը զորակոչվել է Աշոցքի զինկոմիսարիատից  2009թ. գարնանային զորակոչին:

2009թ-ի մայիսի 19-ին հանրապետական հավաքակայանի հանձնաժողովի կողմից N 18-26 արձանագրությամբ հետ է վերադարձվել զինկոմիսարիատ հետազոտության և փորձա­քննության նպատակով, քանի որ հավաքակայանում գանգատվել է ձախ ուսահոդի և թիակի շրջանի ցավերից:

Մայիսի 21-ից 25-ը Գ.Հակոբյանը հետազոտվել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում, որտեղից  տրվել է առողջական վիճակի  հետազոտության ակտ` հետև­յալ ախտորոշումով` «Ողնաշարի կրծքագոտկային հատվածի կողմնային ծռվածություն, թևաձև թիակներ, առանց ֆունկցիայի խանգարման: Երկկողմանի խորակամար ոտնաթաթեր քայլքի աննշան աստիճանի խանգարումով»: Հիմք ընդունելով վերոհիշյալ փորձագիտա­կան ախտորոշումը` Գ. Հակոբյանը զորակոչվել է «Պիտանի է շարային ծառայության» ՀՀ ՊՆ 06-378 հրամանի 35Դ, 37Ե, 42Դ հոդվածների 1-ին սյունակի համաձայն:

Ըստ զորակոչիկի անձնական գործի` Գրիգոր Հակոբյանը որևէ այլ գանգատ չի ունեցել (հիմք` նրա ստորագրությունները ուսումնասիրման թերթիկում):

2009թ.-ի օգոստոսի 26-ին զինծառայողի ծնողի ՀՀ  զինդատախազությանն ուղղված դիմումի քննարկման նպատակով Գրիգոր Հակոբյանը ԿՌԲՀ գրությամբ մասնագիտացված հետազոտության և փորձաքննության նպատակով հոսպիտալացվել է Սիսիանի կայա­զորային հոսպիտալ, ապա տեղափոխվել ԿԿԶՀ: Հետազոտության ընթացքում կատարվել են քիթ-կոկորդ-ականջաբանի, դիմածնոտային վիրաբույժի, թերապևտի, նյարդաբանի, նեյրո­վիրաբույժի, վնասվածքաբանի, հոգեբույժի կոնսուլտացիաներ, տարբեր գործիքային քննություններ, որոնց արդյունքում ԿԿԶՀ-ի ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից հաստատվել է ախտորոշում` «Ձախ ուսահոդի աննշան արտահայտված հետտրավմատիկ գերշարժունություն, քայլքի չափավոր խանգարում` երկկողմանի սնամեջ ոտնաթաթեր: Քթի միջնապատի թեքում առանց քթային շնչառության խանգարման: Չափավոր արտահայտ­ված ՆՑԴ սրտային տիպի: Միտրալ փականի պրոլապս 1-ին աստիճանի, 1-ին աստիճանի ռեգուրգիտացիայով: Հիսի խրձի աջ ոտիկի մասնակի պաշարում: Սոմատոգեն պայմանավորված ասթենո-նևրոտիկ համախտանիշ», և ներկայացվել է ԿՌԲՀ նիստին` մասնագիտացված հետազոտման նպատակով Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք տեղափոխման որոշումով:

Հոգեբուժական բաժանմունք տեղափոխելու հիմք և պատճառ է հանդիսացել ԿԿԶՀ-ի առաջատար մասնագետների եզրակացությունը, որի մեջ հատկապես նշված էր նյարդաբանների եզրակացությունը, այն է` «Սոմատոգեն պայմանավորված ասթենո-նևրոտիկ համախտանիշ», ինչի կապակցությամբ փորձագիտական եզրակացություն կարող են տալ հոգեբուժական բաժանմունքում:

Այդ իսկ պատճառով ԿՌԲՀ կողմից հաստատվել է ԿԿԶՀ ՌԲՀ-ի որոշումը, և զինծառայողը  տեղափոխվել է ԿԿԶՀ հոգեբուժական բաժանմունք 11.11.09թ.:

Հոգեբուժական բաժանմունքում հսկողության, զննման, պրոֆեսորական կրկնակի կոն­սուլտացիաների արդյունքում ժխտվել է «Սոմատոգեն պայմանավորված ասթենո-նևրոտիկ համախտանիշ» ախտորոշումը, և Գ. Հակոբյանը ճանաչվել է «Հոգեպես առողջ»:

ԿԿԶՀ-ում և ԵԿԶՀ-ում կատարված հետազոտությունների արդյունքներով ԿՌԲՀ-ի թիվ 2079 առ 24.11.09թ. որոշումով զինծառայող Գրիգոր Սահակի Հակոբյանի մոտ հաստատվել է «Հոգեպես առողջ: Աննշան արտահայտված ձախ ուսահոդի հետտրավմատիկ գերշար­ժունություն: Երկկողմանի սնամեջ ոտնաթաթեր` քայքի չափավոր խանգարումով: Քթի միջնապատի ծռվածություն առանց քթային շնչառության խանգարման: ՆՑԴ կարդիալ տիպ: Միտրալ փականի պրոլապս 1-ին աստիճանի ռեգուրգիտացիայով» ախտորոշումը և Գ. Հակոբյանը ճանաչվել է` «Պիտանի է ոչ շարային ծառայության» ՀՀ ՊՆ 06-378 հրամանի 39Բ, 25Դ, 42Գ հոդվածների 1-ին սյունակով:

Նույն որոշման հատուկ նշումների բաժնում ԿՌԲՀ կողմից նշվել է, որ անհրաժեշտ է զորամասում իրականացնել բուժծառայության հսկողություն, խիստ պահպանել ոչ շարային ծառայության ռեժիմը, ծառայությունը կազմակերպել նվազագույն ֆիզիկական ծանրաբեռն­վածության պայմաններում:

Դուրս գրվելուց հետո զորամասում գտնվելով ընդամենը 20 օր` շարքային Գ. Հակոբյանը իրեն ածելիով ինքնավնասումներ է հասցնում, ինչի պատճառով նրան 19.12.09թ-ին տեղափոխում են ԵԿԶՀ հոգեբուժական բաժանմունք: 19.12.09թ-ից մինչև 13.01.10թ կրկնակի մանրամասն հետազոտություններից հետո հիվանդի ինքնախեղումը գնահատվել է որպես նպատակային գործողություն, և նրա մոտ ախտորոշվել է «Հոգեկան խանգարման նշաններ չեն հայտնաբերվել, տարել է կարճատև իրավիճակային ռեակցիա նպատակային բնույթի»: ԿՌԲՀ թիվ 11 առ 12.01.10թ. որոշմամբ հիվանդը ԵԿԶՀ-ից տեղափոխվել է ԿԿԶՀ վերջնական փորձագիտական որոշում կայացնելու նպատակով:

ԿՌԲՀ փորձագետների կողմից ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրվել են Գրիգոր Հակոբյանի բոլոր հոսպիտալիզացիաների արդյունքում ընթացքում կատարված հետազոտությունները, տարբեր նեղ մասնագետների տրված եզրակացությունները (պրոֆեսորներ` նյարդաբան Գ.Ա. Հովհաննիսյան, հոգեբույժ` Ս.Հ. Սուքիասյան, թերապևտ` Ս.Գալստյան), տարբեր նեղ մասնագիտացված բաժինների առանձին-առանձին տված եզրակացությունները (վնասվածքաբանական, նյարդաբանական, թերապևտիկ, հոգեբուժա­կան), անձնական գործում առկա տվյալները, զորամասից ստացած ծառայողական և բժշկական բնութագրերը: Արդյունքում Գ. Հակոբյանի մոտ հաստատվել է. «Ձախ ուսահոդի հետտրավմատիկ աննշան արտահայտված գերշարժունություն:

Միտրալ փականի պրոլապս 1-ին աստիճանի ռեգուրգիտացիայով:

Երկկողմանի սնամեջ ոտնաթաթեր, քայլքի ֆունկցիայի աննշան խանգարումով:

Քթի միջնապատի ծռվածություն, առանց քթային շնչառության խանգարման:

Հոգեկան հիվանդության ախտանիշներ չեն հայտնաբերվում, տարել է կարճատև իրավիճակային ռեակցիա` նպատակային բնույթի:

Թեթև արտահայտված վեգետո-անոթային դիստոնիա»

և կրկին ճանաչվել է 39Բ, 10Գ, 42Դ, 7Դ հոդվածներով`  «Պիտանի է ոչ շարային ծառայության»:

Հանրագումարի բերելով ամբողջը` ԿՌԲՀ եզրակացնում է, որ շարքային Գ. Հակոբյանի մոտ ծառայության ընթացքում որևէ հիվանդություն չի առաջացել և ունեցած որևէ հիվանդություն չի զարգացել: «Պիտանի է շարային ծառայության» զորակոչվելու հանգամանքը պայմանավորված է զորակոչի ընթացքում նրա մոտ հայտնաբերված հիվանդություններով: ԿՌԲՀ կողմից նրա «Պիտանի է ոչ շարային ծառայության» ճանաչելը կապված է հետազոտությունների ընթացքում զինծառայողի մոտ հայտնաբերված հիվանդություններով, այն է` «Միտրալ փականի պրոլապս 1-ին աստիճանի, 1-ին աստիճանի ռեգուրգիտացիայով» 25Դ հոդված և ուսահոդի հետ կապված պրոբլեմի վերագնահատմամբ, ինչի արդյունքում 35Դ հոդվածը վերափոխվել է 39Բ հոդվածի:

Գ. Հակոբյանը զորակոչվել է ճիշտ, նա կարող է շարունակել զինծառայությունը ոչ շարային պայմաններում, իսկ նրա անընդհատ հոսպիտալներում հետազոտվելը և փորձաքննվելը պայմանավորված է միայն ծառայության նկատմամբ ինչ-ինչ պատճառով նրա խուսափողական և անպատասխանատու դիրքորոշմամբ, առողջական վիճակի աննշան խնդիրները շահարկելու, բժշկական և հրամանատարական օղակների  համար նպատակադրված խնդիրներ ստեղծելու (ինքնախեղում, չհիմնավորված գանգատներ, ծառայությունից հրաժարվելու հայտարարություններ), ինչը չի կարող հիմք հանդիսանալ ԿՌԲՀ կողմից նրան ոչ պիտանի ճանաչելու համար: Այս մասին  տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն