Հովհաննես Սահակյան.«ՀՀԿ-ի տեսակետը հստակ է»
ArmAr.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը:
–Պարոն Սահակյան, վերջին շրջանում այն կարծիքն է շրջանառվում, որ հայ-թուրքական արձանագրությունները մտել են փակուղի: Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը։
-Ես համաձայն չեմ այդ կարծիքների հետ մեկ օբյեկտիվ և հասկանալի պատճառով. գործընթացը շարունակվում է, հարցը քննարկվում է, երկու երկրների նախագահների ու բարձրաստիճան պաշտոնյաների կողմից որևէ նման հայտարարություն չի արվել։ Հետևապես, չենք կարող համարել, թե հարցը փակված է:
– ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները բազմիցս ընդգծել են, որ արձանագրությունները օրինախախտումներով են կազմվել, հետևապես, ՀՀ խորհրդարանը չպետք է քննարկի դրանք: Ձեր կարծիքով հնարավո՞ր է նման զարգացում։
-Ես չեմ կիսում նրանց այդ կարծիքը։ Եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը և տվել է իր իրավական գնահատականը, դա նաև ենթադրում է, որ որևէ խախտում չի եղել, ասել է, թե արձանագրություններում օրինախախտուներ չկան:
-Ո՞ր դեպքում եք հնարավոր համարում, որ արձանագրությունները կարող են չքննարկվել խորհրդարանում ու չեղյալ հայտարարվել։
-ՀՀԿ-ի տեսակետը հստակ է. եթե ողջամիտ ժամկետներում Թուրքիան չվավերացնի արձանագրությունները կամ անհասկանալի պատճառներով ձգձգի դրանց վավերացման գործընթացը, այդ դեպքում՝ արձանագրություններն ուղղակի չեն քննարկվի ՀՀ խորհրդարանում։
–Չնայած բազմիցս ընդգծվել է, որ արցախյան հիմնախնդիրը որևէ առնչություն չունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ, Թուրքիան, միևնույն է, շարունակում է այդ խնդրի հետ կապված շահարկումները…
-Ցավոք, այդ հանգամանքը ոչ միայն թուրքական կողմն է շահարկում, այլև մեր ընդդիմությունն ու որոշ քաղաքական գործիչներ։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ վերջիններս անհամբերությամբ սպասում են, թե Թուրքիայի կողմից ի՞նչ մեկնաբանություն է հնչելու, որ դրան անմիջապես արձագանքեն։
ՀՀ ՍԴ որոշումը, ՀՀ նախագահի ուղերձը, նաև Մեծ Բրիտանիայի «Չեթթըմ Հաուս»-ում նախագահ Սերժ Սարգսյանի ընդգրկուն ելույթը, որով միայն կարելի է հպարտանալ, ապացուցեցին, որ Հայաստանի դիրքերն ամուր են, իսկ մենք մեր դիրքորոշումներում սկզբունքային ենք ու վճռական, և թույլ չենք տա, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փորձ արվի շաղկապել այլ գործընթացների հետ: Այս արձանագրությունների վավերացմամբ` ընդամենը երկու հարց է լուծվում. նախ` Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում, այնուհետև, հայ-թուրքական սահմանի բացում։ Մնացած բոլոր հարցերը՝ արցախյան հիմնախնդիր, Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթաց, որևէ կապ չեն կարող ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։
– Սարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվելու է Ցեղասպանության մասին բանաձևը։ Հավանական համարո՞ւմ եք, որ կտրվի դրական եզրակացություն, իսկ առաջիկայում ԱՄՆ Կոնգրեսը կճանաչի Հայոց Ցեղասպանության փաստը:
-Նկատի ունենալով այն լայնածավալ գործունեությունը, որ իրականացնում է ԱՄՆ հայկական համայնքը և Սփյուռքի մեր հզոր կազմակերպությունների ծավալած լոբբիստական գործունեությունը, ուստի, կարծում եմ, հավանականությունը մեծ է, որ մարտի 4-ին դրական եզրակացություն կլինի։ Իսկ հետագան կախված է քաղաքական իրավիճակից։
ArmAr.am












