Գլխավոր » Լրահոս

ՄԻ պաշտպանի դիմումը ոստիկանապետին

Փետրվար 23, 2010թ. 11:56

harutyunyanՄարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակով դիմել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանին: Ըստ ՄԻՊ գրասենյակի, նամակում ասված է.

«Հարգելի պարոն Սարգսյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է մի շարք ահազանգեր առ այն, որ ոստիկանության աշխատակիցների կողմից սահմանափակվում է անձանց իրավաբանական օգնություն ստանալու և պաշտպան ունենալու իրավունքները վերջիններիս արգելանքի վերցնելիս կամ բերման ենթարկելիս:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ստացված բողոքների վերլուծությունը վկայում է այն մասին, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի տարաբնույթ մեկնաբանությունները հաճախ պրակտիկայում հանգեցնում են մի իրավիճակի, երբ անձը բերման է ենթարկվում քրեական հետապնդում իրականացնող մարմին և առանց կասկածյալի կամ վկայի կարգավիճակ ստանալու պահվում է արգելանքի տակ, հարցաքննվում է որպես վկա, ընդ որում այդ ամբողջ ընթացքում նրան արգելվում է օգտվել պաշտպան ունենալու իրավունքից`  պատճառաբանելով կասկածյալի կարգավիճակ չունենալու հանգամանքով: Հաճախ տվյալ անձի նկատմամբ ձերբակալման արձանագրությունը կազմվում և հայտարարվում է նրան այս բոլոր գործողությունների ավարտից շատ ավելի ուշ, ինչից հետո միայն նրան հնարավորություն է տրվում օգտվելու պաշտպան ունենալու իրավունքից:

Գտնում ենք, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի այս դրույթի նման մեկնաբանությունը և դրան համապատասխան ձևավորված իրավակիրառ պրակտիկան հակասում են ինչպես ՀՀ Սահմանադրությանը, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և Եվրոպական դատարանի 5-րդ և 6-րդ հոդվածների կիրառման կապակցությամբ ձևավորված դատական նախադեպերին:

ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 2-րդ մասն ուղղակիորեն երաշխավորում է յուրաքանչյուրի` ձերբակալման, խափանման միջոցի ընտրման կամ մեղադրանքի առաջադրման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքը: Սահմանադրությունը չի պայմանավորում այս իրավունքի իրականացումը ձևական առումով անձին կասկածյալ կամ մեղադրյալ ճանաչելու հանգամանքի հետ, հետևաբար և համապատասխան ակտի ընդունման հետ: Անձը պաշտպան ունենալու իրավունքից պետք է օգտվի փաստացի արգելանքի վերցնելու պահից, այլ ոչ թե ձերբակալման արձանագրությունն իրեն հայտարարելու պահից, հակառակ դեպքում պաշտպան ունենալու իրավունքի իրականացումը կախվածության մեջ կդրվի քրեական հետապնդման մարմնի հայեցողությունից: Փաստացի ձերբակալված լինելու պահից անձի` պաշտպան ունենալու իրավունքը ճանաչվել է ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով, այնպես էլ ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումներով:

ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է նաև յուրաքանչյուրի` իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը: Այս իրավունքի իրականացումը պայմանավորված չէ անձի` որպես կասկածյալ կամ մեղադրյալ ճանաչելու հանգամանքով և որևէ պարագայում չի կարող սահմանափակվել`  ելնելով նրա դատավարական կարգավիճակից:

Ելնելով վերոգրյալից` ակնկալում եմ Ձեր հանձնարարականը ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին ապահովելու անձի` փաստացի ձերբակալված լինելու պահից պաշտպան ունենալու իրավունքի իրականացումը»:

AmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն