Արցախի Հանրապետության նախագահի շնորհավորանքը Հայրենիքի պաշտպաններին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:
«Հարգելի հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ ԼՂՀ պաշտպանության բանակի անձնակազմին, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններին, մեր ողջ ժողովրդին` Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:
Այս օրը տոն է բոլոր արցախցիների համար, քանի որ մեր սերնդին վիճակվել է զենքը ձեռքին պաշտպանել հայրենի հողը և նոր էջ բացել հայ ժողովրդի հերոսական պատմության մեջ: Ավարայրին, Սարդարապատին, Մեծ Հայրենականին ավելացավ նաև Շուշիի փառավոր հաղթանակը, որը կերտվեց մեր եղբայրների և քույրերի թափած արյան գնով: Հավե~րժ փառք ու պատիվ նրանց:
Իրենց հայրերի ու պապերի անմահ գործը պատվով են շարունակում մեր երիտասարդները, ովքեր լավ են սերտել հայրենասիրության ու խիզախության դասը և այսօր էլ անսասան են պահում հայրենի երկրի սահմանները: Բարձր մարտական ոգու և պատրաստվածության շնորհիվ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը հանդիսանում են մեր անկախության ու անվտանգության հիմնական երաշխավորը և կարևոր դեր են կատարում տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում: Արցախը հզոր է ու անառիկ իր հերոսական ժողովրդով և մարտունակ բանակով:
Թանկագին բարեկամներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք: Թող մեր ժողովուրդը միշտ ապրի խաղաղ, ուժեղ ու բարեկեցիկ հայրենիքում», – ասված է ԼՂՀ նախագահի ուղերձում:
ArmAr.am












