Դենիզ Բայքալ. Կարծես օտար մի ուժ եկել և Թուրքիան գրավել է
Վերջին օրերին Թուրքիայում տեղի ունեցած բարձրաստիճան ուժայինների ձերբակալությունները դժգոհության ալիք են բարձրացրել ընդդիմադիր դաշտում: Հիշեցնենք, որ մի քանի օրվա ընթացքում «Balyoz» (Մեծ մուրճ) պետական հեղաշրջման ծրագրի նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի զինվորականներ, դատախազներ:
Թուրքական մեջլիսում ամենամեծ խորհրդարանական ընդդիմություն կազմող «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ, իրավաբան Դենիզ Բայքալը լրագրողների հետ զրույցում կատարվածի առնչությամբ այսպես է արտահայտվել. «Ժողովրդավարական հասարակություններում նման բաներ տեղի չեն ունենում: Այսօրինակ զարգացումները ցույց են տալիս, որ Թուրքիայում ինչպես հարկն է չեն գործում դեմոկրատիան և իրավական կարգը: Ներկայիս պատկերը հատուկ է հեղաշրջման ժամանակաշրջանին»:
Բայքալը խիստ մտահոգիչ է համարել այն, որ պետությունում և հասարակությունում իրենց անվան հանդեպ հարգանք վաստակած մարդիկ հանկարծ ու իրար հետևից մեղադրվում են և ձերբակալվում:
«Կարծես թե ինչ-որ օտար մի ուժ եկել ու գրավել է Թուրքիան: Ամբողջը տակնուվրա է անում, հարվածի թիրախ է դարձրել այս պետության համար վաստակ ունեցողներին, նրանց դեմ արշավ է իրականացնում»,- զայրույթով նշել է ընդդիմադիր առաջնորդը:
Հիշեցնենք, որ «Balyoz» ծրագիրը, նախատեսել էր պայթեցնել մի շարք մզկիթներ, ռմբահարել թուրքական մի քանի մարտական ինքնաթիռներ, կազմակերպել աղմկահարույց սպանություններ և ստեղծված քաոսը ծառայեցնելով իբրև ենթահող, իշխանությունից հեռացնել Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությանը:
Հարկ է ընդգծել, որ այդ զանգվածային ձերբակալություններ չեն միայն, որ ցույց են տալիս թուրքական պետության հակադեմոկրատական բնույթը: Թուրք ընդդիմադիր գործիչը պետք է նկատած լիներ նաև հետևյալ. այն երկրում, որտեղ ազգային ու կրոնական անհանդուրժողականություն է տիրում, այն երկրում որտեղ հայ լինելու համար մարդ են գնդակահարում, այլախոհ լինելու համար բանտ են նետում, փաստերը ոչ թե ցույց են տալիս, այլ աղաղակում են, որ Թուրքիան եղել և մնում է անարդարության որջ:
ArmAr.am












