Ղազախստան. նոր «խաղաղարար» տարածաշրջանում
Վերջին շրջանում, կապված ԵԱՀԿ-ում ժամանակավոր նախագահի կարգավիճակի հետ, տարածաշրջանային հարցերում ակտիվ դիրքորոշում է փորձում ցուցաբերել Ղազախստանը: Այս առումով, իրենց վերաբերմունքը չեն թաքցնում ռուս վերլուծաբանները, որոնց դիտարկումները վերաբերում են, մասնավորապես, այն հայտարարությանը, թե Ղազախստանը չի պատրաստվում վերանայել իր կարծիքը Վրաստանի տարածքային ամբողջականության մասին: Ռուսական լրատվամիջոցներն այս հայտարարությունը որակել են, որպես նոր «խաղաղարարի» նախաձեռնություն:
Արտաքին քաղաքականության բնագավառում Ղազախստանի ներկայիս խաղերը արդեն դժվար է զուսպ համարել: «Ռեգնումի» փոխանցմամբ, Աստանայի աշխարհաքաղաքական նախաձեռնությունները, անկասկած, պայմանավորված են հանրապետության թեկուզ ժամանակավոր, բայց ԵԱՀԿ նախագահող երկրի կարգավիճակով: Բայց նույնիսկ այս պարագայում դժվար է պատկերացնել, թե կոնկրետ ինչ լծակների է տիրապետում ԵԱՀԿ նոր նախագահը Մերձդնեստրյան և Ղարաբաղյան բարդագույն աշխարհաքաղաքական փակուղուց դուրս գալու առումով: Հենց Ղարաբաղյան խնդրին է նվիրված հոդվածը «Ասիայի կենտրոն» ամսագրում: Այս հանդեսը հայտնի է Ղազախստանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետների հետ գաղափարական մտերմությամբ: Հետևաբար, ավելի հետաքրքիր է խմբագրության դիրքորոշումը.
«Ակնհայտ է, որ տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունն արմատապես փոխելու փորձը հղի է լարվածության մեծացման և պատերազմի վերսկսման վտանգով: Այդ իմաստով Ղազախստանը ակամա կարող է հայտնվել բարդ իրավիճակում:
Ռուսաստանը, ինչպես և Հայաստանը, ՀԱՊԿ-ի անդամ է և պարտավոր է ճշտել իր դիրքորոշումը Երևանի և Բաքվի միջև ռազմական հակամարտության դեպքում: Նույնիսկ եթե խոսք չլինի ռազմական օժանդակության մասին, ապա քաղաքական օժանդակություն Երևանն ակնկալում է: Ի դեպ, Ղազախստանից հենց նույնն էր պահանջում Ռուսաստանը 2008թ. Կովկասյան պատերազմի ժամանակ:
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, ապա Աստանան մշակել է մի դիրքորոշում, որը կարող է պետք գալ և հակամարտության սրման, և այսօրվա իրավիճակի երկարաձգման դեպքում: Վերլուծաբանների գերակշիռ մասը գտնում է, որ ավելի իրատեսական է երկրորդ տարբերակը»:
ArmAr.am












