Երեք պատճառ, որ Թուրքիայում բացառում են ռազմական հեղաշրջումները
«Իմ կարծիքով, Թուրքիան արդեն անցել է զարգացման այնպիսի փուլ, որ ռազմական հեղաշրջումները Թուրքիայում գրեթե հնարավոր չեն, իսկ դրա համար կա երեք պատճառ»,- նկատում է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Իսկ պատճառները հետևյալն են:
Առաջին պատճառն այն է, որ սասանվել է Թուրքիայի բարձրագույն զինվորականության հեղինակությունը. «Երբ նախկինում հայտարարվում էր, որ զինվորականությունը որևիցե գործողություն է կատարում, ապա այդ ժամանակ հասարակությունը միանգամից հետ էր քաշվում: Իսկ այսօր նա չունի նախկինի հեղինակությունը: Այժմ Թուրքիայում իրադրությունը բոլորովին այլ է: Եթե տեղի ունենա ռազմական հեղաշրջում, ապա բոլոր մասնագետները ենթադրում են, որ կլինեն մեծ թվով զոհեր, այսինքն հասարակությունը չի համակերպվի այն մտքի հետ, որ տեղի է ունեցել զինվորական հեղաշրջում, և այս հանգամանքն է, որ զինվորականությանը հետ է պահում հեղաշրջումից»:
Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, երկրորդ պատճառն այն է, որ այժմ Թուրքիայում ընթացող գործընթացները գտնվում են աշխարհի ուշադրության կենտրոնում: «Թուրքիայում մեծ է ՆԱՏՕ-ի դերը և ԱՄՆ-ի դերը, որոնք բազմիցս հայտարարել են, որ չեն ճանաչի և չեն ընդունի որևէ զինվորական հեղաշրջում»,- նկատում է թուրքագետը: Փաստորեն սա էլ զինվորականներին հետ է պահում հեղաշրջում անելու մտքից:
Երրորդ պատճառը, ըստ պրն. Սաֆրաստյանի այն է, որ Թուրքիայի զինվորականնությունն այլևս միատար չէ: «Սա նշանակում է, որ եթե բարձրագույն զինվորականությունը հրաման տա որևիցե գործողություն կատարելու համար, ապա նրանք վստահ չեն, որ այդ հրամանները լիովին կկատարվեն, մանավանդ` այս իշխանությունների դեմ: Քանի որ Թուրքիայում արդեն մի քանի տարի է սպայակույտի մասն են կազմում նաև այնպիսի սպաներ, որոնք ունեն կրոնական կրթություն և նրանց քաղաքական հայացքները տարբերվում են բարձրագույն զինվորականության քաղաքական հայցքներից»,- ասաց նա:
ArmAr.am












