Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն

Ադրբեջանական քարոզչական քաղաքականության նոր դրսևորումները

Սեպտեմբեր 17, 2009թ. 10:33

Սեպտեմբերի 15-ին ադրբեջանական Day.az կայքում հայտնվեց «Армянские солдаты пьют за твое здоровье, Сержик!» հոդվածը[1], գարեջուր խմող հայկական զինվորների նկարներով: Հոդվածում նշվում էր, որ հայկական բանակում անկարգություն է տիրում և Հայաստանում ոչ ոք դրանից տեղյակ չէ: Խոսվում էր նաև այն մասին, թե իբր հայկական բանակում վիճակն այնքան վատ է, որ պարբերաբար հայ զինվորներն անցնում են ադրբեջանական կողմ  և ուտելիք խնդրում, իսկ ադրբեջանցիները` «մեծահոգաբար» կերակրում են հայ «սոված» զինվորներին:

Լուսանկարների համար, իբրև, աղբյուր նշվում է հայկական ֆորումներից մեկը: forum.hyeclub.com-ում կային նման լուսանկարներ, որոնք տեղադրվել էին ինչ-որ wolf-ի կողմից[2]:

2008թ.-ից ադրբեջանցիները սկսեցին հայկական դոմեյնի (am) տիրույթում ստեղծել «հայկական» լրատվամիջոցներ, որոնք տեղեկատվություն էին տարածում հայկական աղբյուրի անվան տակ, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները հղում տալով իբր հայկական աղբյուրներին` տարածում էին տեղեկատվությունը:

Վրաց-օսական պատերազմի ժամանակ xronika.am-ը, որն ադրբեջանցիների ստեղծած կեղծ հայկական աղբյուրներից մեկն էր, օգտագործվեց հայ-վրացական հարաբերությունները սրելու նպատակով: Եվ միայն հայ տեղեկատվական անվտանգության մասնագետների ահազանգներից հետո նմանատիպ կայքերը փակվեցին:

Հայկական դոմեյն տիրույթում հաջողության չհասնելուց հետո ադրբեջանցիները կեղծ հայկական կայք ստեղծեցին ռուսական դոմեյն տիրույթում և սկսեցին հայերին վարկաբեկող տեղեկատվություն տարածել: hayastan.okis.ru ռուսալեզու կայքը Զորի Բալայանի, Ժիրայր Սեֆիլյանի և այլ հեղինակավոր հայերի անունից հակաթուրքական, հակավրացական, նաև ֆաշիստական հայտարարություններ էր տարածում: Ադրբեջանական լրատվամիջոցները ակտիվորեն քարոզում էին hayastan.okis.ru կայքը:

Ապատեղեկատվության տարածման համար բողոքներից հետո այդ կայքն էլ արգելափակվեց:

Ակնհայտ է, որ Day.az-ի հրատարակած նյութը նույն գործողությունների շարքից է, որն իրենից ենթադրում է հայկական աղբյուրների անվան տակ տեղեկատվություն տարածել և հետագայում այդ տեղեկատվությունը օգտագործել հակահայկական ինչ-ինչ նպատակներով: Իսկ հայ զինվորների լուսանկարները ներբեռնվել են որևէ սոցիալական ցանցից (odnoklassniki.ru, fasebook.ru) և տեղադրվել են հայկական ֆորումում նույն ադրբեջանցիների կողմից:

Նույն տրամաբանությամբ ապագայում հնարավոր է նման այլ դեպքեր ֆորումների և բլոգերի միջոցով, այդ պատճառով անհրաժեշտ է աչալրջորեն հետևել նաև ֆորոմների և բլոգերի բովանդակությանը` նման դեպքերը կանխելու համար:

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ


[1] http://www.day.az/news/armenia/172517.html
[2] http://forum.hyeclub.com/showpost.php?p=279225&postcount=917


Թեգեր` ,

Դիտել Ադրբեջան, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`