Արա Սաղաթելյան.« Խոջալուի վերաբերյալ ադրբեջանական կողմի ներկայացրած փաստերի 90%-ը կեղծիք է»
ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության» կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը «Նովոստի Արմենիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով ամեն տարի ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից, այսպես կոչված, «Խոջալուի ողբերգական դեպքերի» մասին լայնորեն տարածվող ապատեղեկատվությանը`ասել է.« Չնայած ադրբեջանական կողմի ջանքերին` օր օրի ավելանում են ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից Խոջալուի դեպքերի վերաբերյալ տարածվող կեղծիքները բացահայտող փաստերը: Օրինակ` 1992թ.-ի, այսպես կոչված, Խոջալուի դեպքերը հետաքննող` Ադրբեջանի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Ռամիզ Ֆաթալաևը 2009թ.-ի սեպտեմբերին ադրբեջանական «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում նշել է, որ հայկական զինված ուժերի կողմից Ստեփանակերտի շրջափակման ճեղքումից 4 օր առաջ` փետրվարի 22-ին, Բաքվում կայացել է Ադրբեջանի ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ որոշում է ընդունվել «մարդկանց Խոջալուից դուրս չհանելու վերաբերյալ»:
Ա. Սաղաթելյանը նշում է, որ Խոջալուի վերաբերյալ ադրբեջանական կողմի ներկայացրած փաստերի 90%-ը կեղծիք է, ինչն էլ իրական է` կամ կատարված գործընթացների օբյեկտիվ արդյունք է, կամ էլ ադրբեջանական էլիտայի ինտրիգների հետևանք: Աղդամի մոտ զոհված մարդիկ օգտագործվում էին Ադրբեջանի Ազգային ճակատի կողմից ներքաղաքական խնդիրներ լուծելու նպատակով:
«Որևէ մեկը տեսե՞լ է Խոջալուի ժամանակագրության վերաբերյալ ադրբեջանական կադրերը: Զավեշտն այն է, որ այնտեղ տեղադրված են ամբողջ աշխարհով ցուցադրված Կոսովոյի ողբերգական դեպքերի կադրերը: Իսկ 1992թ. փետրվարի 28-ից մարտի 2-ը ընկած ժամանակահատվածը ցուցադրող տեսագրությունում երեւում է, որ փետրվարի 28-ին ադրբեջանցիները դիակներ են բարձում ուղղաթիռ, սակայն մարտի 2-ին այդ դիակները, չգիտես ինչու, նորից պառկած են նույն տեղում` գետնի վրա»:
«Խոջալուն առասպել է, որը կոչված է կոծկելու սեփական հանցագործությունները»,-փաստում է Արա Սաղաթելյանը:
ArmAr.am












