Ինչպիսի՞ն է Էրդողանի զգացողությունը
Ինչպես տեղեկացրել էր ArmAr.am-ը, երեկ իսպանական Սեվիլիա քաղաքում Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը «զոհ» էր դարձել մի հարձակման. նրան փորձել են հարվածել կոշիկով։
Անծանոթը, «Կեցցե՛ ազատ Քուրդիստանը» բղավելով, մոտեցել էր ու նրա վրա նետել կոշիկը։ Կոշիկն, իհարկե, իր նշանակետին չի հասել: Բայց այս դեպքում դա չէ կարևորը, այլ այն, որ այդ քաղաքացին, որն ի դեպ, ազգությամբ քուրդ է, այս կերպ արտահայտել է իր քաղաքական վրդովմունքը Թուրքիայի նկատմամբ:
Դեպքից հետո, լրագրողները փորձել են «շոշափել» Էրդողանի զգացողությունը, թե ինչպե՞ս է Թուրքիայի վարչապետը մեկնաբանում իր գլխին եկածը, չէ՞ որ այն քաղաքական բողոքի արտահայտություն էր: Էրդողանը պատասխանել է. «Ընկերներ, սրանք բնական բաներ են, սրանք լինելու են: Որքան ինձ հայտնի է կոշիկ նետողը սիրիացի է եւ այստեղ անօրինական է գտնվում: Ավելի մանրամասն տեղի իշխանությունները մեզ հետագայում կտեղեկացնեն»:
Նա նաեւ ասել է, որ անվտանգության ծառայության աշխատակիցներն իրենց գործը լավ են կատարել ու որևէ բացթողում չի եղել, քանի որ ինքն ամեն ինչ իր աչքով է տեսել:
Տեղեկացման կարգով ասենք, որ կոշիկ նետելը մուսուլմանական աշխարհում հայտնի մի հին սովորույթ է և արտահայտում է անբարյացկամություն տվյալ անձի նկատմամբ: Ահա թե ինչու քուրդ երիտասարդը էրդողանի դեմքին հարվածելու համար նախընտրեց ոչ թե ձեռքին ընկած պատահական ինչ-որ իր, այլ հենց սեփական կոշիկը:
ArmAr.am












