ՀՀ ԱԳ նախարար. եթե թուրքական կողմը նախապայանների լեզվով է խոսում, ապա կլինեն համապատասխան հետևանքներ
ՀՀ խորհրդարանում ՀՀ կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանն ընդգծեց, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո թուրքական բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաների կողմից անընդմեջ հայտարարություններ են հնչում, որ առանց Արցախի հարցի ադրբեջանամետ լուծման, Թուրքիան Հայաստանի հետ որևէ հարաբերություն չի հաստատի։ «Եթե նման կարծիք է արտահայտում երկրի վարչապետը, ԱԳ նախարարը, գենշտաբի ղեկավարը, ուստի նրանք արտահայտում են այդ երկրի դիրքորոշումը։ Այդ դեպքում՝ ինչո՞ւ մեր երկիրը նման հայտարարություններին համապատասխան պատասխան չի տալիս»։
ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը նշեց, որ բազմիցս ասվել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարող որևէ կերպ կապակցվել Արցախի խնդրի հետ. «Դա Հայաստանի դիրքորոշումն է։ Այդ մոտեցմամբ և այդ փոխըմբռմամբ մենք սկսել ենք բանակցությունները թուրքական կողմի հետ։ Եթե թուրքական կողմը նույն ըմբռնումը չունենար, այս բանակցությւնները չէին սկսվի։ Հայ-թուրքական արձանագրությունների մեջ որևէ կապակցվածություն չկա Արցախի գործընթացի հետ։ Այդ նույն մոտեցումն ունեն նաև միջնորդ երկրները։ Շվեյցարիան է արտահայտվել այս կապակցությամբ, այս կապակցությամբ արտահայտվել են նաև Արցախյան հիմնախնդրի բանակցություններում միջնորդ հանդիսացող ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Էդ. Նալբանդյանն ընդգծեց` եթե թուրքական կողմը արձանագրությունները ստորագրելուց հետո նախապայանների լեզվով է խոսում, դա Թուրքիայի խնդիրն է՝ համապատասխան հետևանքներով։ ՀՀ ԱԳ ղեկավարը համոզված է, որ միջազգային ատյաններում այն կարծիքին են, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները չեն արտահայտում այդ երկրի կարծիքը։
ArmAr.am












