Անաղարտ պահենք մեր մայրենին
Ազգի լինելիությունը պայմանավորված է լեզվով և հավատով, այսինքն ինչով առանձնանում է այլ ազգերից: Այդ գաղափարի խոր գիտակցումն է, որ մեր ազգին, ի տարբերություն հնագույն շատ ազգերի, փրկել է ոչնչացումից: Այնուհանդերձ այսօր ունենք լեզվի պահպանության խնդիր: Թերևս դա է պատճառը, որ ունենք «Մայրենի լեզվի օր»:
Լեզուն օդուջրի, մոր նման բնազդային պահանջմունք է, որով ապրում ենք, սակայն չենք գիտակցում գոյությունը, քանի դեռ այն վտանգված չէ: Եվ միայն այն ժամանակ, երբ հասկանում ենք կորստի սարսափը, սթափվում ենք…
Մայրենին անաղարտ պահելու, հայերեն խոսել սովորեցնելու խնդիրները վերապահվում են դպրոցին: Եվ «Մայրենի լեզվի օրը» լավագույն առիթն է մեկ անգամ ևս անդրադառնալ այդ հարցերին:
Օրերս Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում կազմակերպված միջոցառումը նվիրված էր հենց մայրենի լեզվին: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Նունե Հարությունյանի և Էսմիլա Պետրոսյանի ջանքերով դահլիճը «շնչում էր» մայրենիով: Գրական- երաժշտական կոմպոզիցիայի միջոցով աշակերտները ներկայացրին մեր գրավոր լեզվի պատմական ուղին` այն համեմելով հայոց լեզվի մասին հայ և օտարազգի մեծերի ասույթներով, բանաստեղծություններով:
Ամփոփելով տոնական միջոցառումը` դպրոցի տնօրեն Ա. Սարյանը նշեց. «Չմոռանանք, որ լեզուն մեր հայրենիքն է: Ինչպես հայրենիքը, լեզուն ևս կարիք ունի ամենօրյա պաշտպանության: Ուստի մեզնից միայն մի բան է պահանջվում. ոչ միայն մայրենիի տոնին, այլև ամեն օր, ամեն ժամ պահպանել մեր լեզուն, խոսենք մաքուր, անաղարտ ՀԱՅԵՐԵՆՈՎ: Մանավանդ, ինչպես Ջ. Բայրոնն է ասում. « Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է»:
Հուսանք, որ մեր մայրենին անաղարտ պահելու գիտակցումը կհամակի նաև մեր հեռուստաընկերությունների մեծարգո ղեկավարներին, որոնք կջանան հեռուստաեթերը զերծ պահել աղբից:
Լիլիթ Կարախանյան
35 դպրոցի աշակերտուհի
ArmAr.am












