«Ինչու՞ են ազգային անվտանգության աշխատակիցները հրահանգել, թե ինչպես աշխատեն թերթերի խմբագրությունները»
Այս պահին ԱԺ-ում պատգամավորներն իրենց հարցերն են ուղղում 2008 թ.-ի մարտի 1-ին կատարված իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին: Պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, հարց ուղղելով Ս.Նիկոյանին, փորձեց պարզել, թե արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրվել է և արդյո՞ք հանձնաժողովը հնարավորություն ունեցել է նրան հարցնել, թե ինչու նա այդքան սրեց իրավիճակը հանրապետությունում: Ս.Նիկոյանը, հարցին պատասխանելով, ասաց, որ հանձնաժողովը մի քանի անգամ հրավիրել է և Լ.Տեր-Պետրոսյանին, և Լևոն Զուրաբյանին, սակայն վերջիններս անորոշ մեկնաբանություններ ներկայացնելով` հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի քննարկումներին: Պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը Ս.Նիկոյանից փորձեց պարզել, թե ինչու՞ զեկույցում Ռոբերտ Քոչարյանի մասին ոչ մի խոսք չկա, քանի որ այդ դեպքերը տեղի են ունեցել իր նախագահության օրոք, իսկ զեկույցն ընթերցելիս Ա.Մարտիրոսյանը այն տպավորությունն է ստացել, թե Ռ.Քոչարյանը ոչ մի կապ չունի մարտի 1-ի իրադարձությունների հետ: Ս.Նիկոյանը պատասխանեց, որ մարտի 1-ին նախորդող օրերին երկրում արտակարգ դրության մասին հրամանագիրը ստորագրել է Ռ.Քոչարյանը, նա ևս մամուլի միջոցով հրավիրվել է մասնակցելու հանձնաժողովի նիստերին, սակայն չի մասնակցել, ինչն իր իրավունքն է: Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փորձեց պարզել, թե ինչու՞ Ռ.Քոչարյանի այդ օրերի ելույթները չեն ներառվել արձանագրությունում և ինչու՞ որևէ խոսք չկա այն մասին, թե ինչպես են ազգային անվտանգության աշխատակիցները թերթերի խմբագիրներին հրահանգել, թե ինչպես պետք է վերջիններս աշխատեն: Մինչ Ս.Նիկոյանը կփորձեր պատասխանել հարցի, ԱԺ նախագահը հայտարարեց մեկժամյա ընդմիջում: Այս պահին ԱԺ-ի աշխատանքն ընդմիջվեց և կշարունակվի ժամը 14.00-ին:
Ա.Գ.












