Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ՀՅԴ-ն չմասնակցեց օրինագծի քվեարկությանը

Փետրվար 25, 2010թ. 16:00

ՀՀ խորհրդարանում այսօր 2-րդ ընթերցմամբ ներկայացվեց «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը։

Այս օրենքում փոփոխությունների ենթարկվող դրույթների շուրջ, ինչպես առաջին ընթարցման քննարկումների դեպքում, այսօր ևս մի շարք առարկություններ ներկայացրին ՀՅԴ խմբակցության պատգամավորները: Ասենք, որ նախօրեին Դաշնակցության  առաջարկությունները չէին ընդգրկվել փաստաթղթում, և այդ առնչությամբ նրանց բավարար մեկնաբանություններ չէին տրվել։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի համոզմամբ, եթե խնդրի հրատապությունը հաշվի առնելով խորհրդարանը 24 ժամվա ընթացքում ընդունում է այդ փոփոխությունները, ապա ՀՀ կառավարությունը ևս կարող էր աշխատել հրատապ ռեժիմով, քննարկեր պատգամավորների առաջարկները և դրանց տար հիմնավոր պատասխան։

Չնայած մի շարք սկզբունքային առաջարկությունների, որոնք հնչեցին պատգամավորների կողմից,  ՀՀ ԱԳ նախարար Էդ. Նալբանդյանն ընդգծեց, որ շուտափույթ, 5 րոպեանոց եզրակացությունների հիման վրա փոփոխություններ կատարելը ճիշտ չէ. «Տրամաբանություն կա որոշ ասածների մեջ, բայց փաստաթուղթն այն ձևով, ինչպես ներկայացված է, ճիշտ նախագիծ է»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը և առաջարկեց այն 2-րդ ընթերցմամբ ընդունել՝ առանց այդ փոփոխությունների։

ՀՅԴ խմբակցության անունից պատգամավոր Արտյուշա Շահբազյանը հայտարարեց, որ քանի որ իրենց կողմից արված առաջարկներն այդպես էլ պատասխան չստացան, և  այդ առաջարկությունների ճակատագիրն իրենց համար այդպես էլ անհայտ մնաց, ՀՅԴ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը։

Նշենք, որ այս օրինագծին երեկ արդեն դեմ էր արտահայտվել նաև «Ժառանգություն» խմբակցությունը, որն իր այդ դիրքորոշումն արտահայտել էր՝ դեմ քվեարկելով։

Չնայած այս ամենին, «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը 70 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ  2-րդ ընթերցմամբ ընդունվեց։

Նշենք, որ քվերակությանը մասնակցում էր 94 պատգամավոր։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն