Գլխավոր » Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն, Ցեղասպանություն

Սումգայիթյան տարելից. Պետք չէ անգործությունը քարոզչությամբ քողարկել

Փետրվար 25, 2010թ. 17:15

b3da49c811ebd798cb58f5bebe1a4224«Փախստականներն եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը հայտարարություն է տարածել կապված Սումգայիթի եղեռնագործության 22-րդ տարելիցի հետ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Հետաքննությամբ հաստատված է, որ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում զոհվել է 32 մարդ, ավելի քան չորս հարյուրը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հարձակման և ավերածության են ենթարկվել մոտ երկու հարյուր բնակարաններ, վնասված են ավելի քան հիսուն մշակութային-կենցաղային նշանակության հիմնարկներ ու քառասունից ավելի ավտոմոտոտրանսպորտային միջոցներ, որոնց մի մասը հրդեհվել է: Պետությանը պատճառվել է ավելի քան 7 միլիոն ռուբլու վնաս: Հանցագործությունների կատարմանը մասնակցել են հիմնականում ադրբեջանական ազգության հարյուրավոր քաղաքացիներ»: Սա հատված է Ադրբեջանական ԽՍՀ դատախազ Ի.Ա. Իսմայիլովի սումգայիթյան եղեռնագործության կապակցությամբ հարուցված գործերից մեկի մեղադրական եզրակացությունից: Ողբերգության իրական չափերը քողարկելուն և ոճրագործների գերակշիռ մեծամասնությանը պատասխանատվությունից ազատելուն միտված այս մեղադրական եզրակացությունում Սումգայիթի հայության հանդեպ կատարված ոճիրը որակվել է որպես… խուլիգանություն: Անպաշտպան հայ բնակչության նկատմամբ անպատժելիության պայմաններում բռնությունները Ադրբեջանում շարունակվեցին. էթնիկ զտումների և ցեղասպանության զոհը դարձան հարյուրավոր մարդիկ, հազարավորները` խեղանդամ, ավելի քան կես միլիոնը` փախստական: Սգում ենք բոլորի համար:

Այսօր, Հայաստանի ավանդական և ոչ ավանդական քաղաքական ուժերը կես միլիոն ադրբեջանահայության հանդեպ 1988-1991թթ. իրագործված եղեռնագործությունը սկսել են օգտագործել քարոզչական նպատակներով: Փորձում են այդ կերպ համոզել միջազգային հանրությանը, թե հայաբնակ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ այդ պարագայում ցեղասպանության կենթարկվի արցախահայությունը: Այս համատեքստում նաև սգո միջոցառումներ են կազմակերպվում, երթեր, ճառեր են ասվում: Վերջ տվեք լալկանությանը` հայ փախստականների կրած վնասների փոխհատուցումն ու նրանց իրավունքների և շահերի գործուն պաշտպանությունն է միակ պատասխանը հակահայկական գործողություններին ու քարոզչությանը: Ուզում ենք հիշեցնել մեր հայրենասեր, հայրենաբաղձ քաղաքական ուժերին ու գործիչներին, պետական այրերին, որ Արցախն անկախության ճանապարհն է ընտրել իր ժողովրդի որոշմամբ, եւ այդ որոշումը մենք կարողացանք պաշտպանել մեր ողջ ազգի հավաքական ջանքերով: Պետք չէ անգործությունը քարոզչությամբ քողարկել, պետք չէ զոհերի անունը հիշատակելով արցունք թափել, միաժամանակ, հալածելով և ոտնահարելով, անտեսելով և արհամարհելով ողջ մնացած ու փախստական դարձած ադրբեջանահայերի իրավունքներն ու արժանապատվությունը: Բավական է:

Ադրբեջանահայությունը սպասում է կոնկրետ գործողությունների` դատարկ խոսքերը հավատ չեն ներշնչում և ձանձրացրել են բոլորին: Ի գործ»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն