Պարտավոր ենք լինել զգոն ու վճռական
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը` երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումը, վերջին տարիներին հայտնվել են տարածաշրջանային քաղաքականության դերակատարներ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետաքրքրությունների առանցքում: Եվ դա հստակ բացատրություն ունի. այդ երկրների նպատակն է հնարավորինս արագ սեփական դիրքերն ամրապնդել Սևծովյան-Կասպյան տարածաշրջանում: Իսկ քանի որ տարածաշրջանի խնդրահարույց հանգույցներից մեկը հայ-թուրքական հարաբերություններն են, խաղացողներից յուրաքանչյուրը փորձում է շեշտված դերակատարում ունենալ այդ թնջուկի լուծման հարցում, բնականաբար` կողմերին պարտադրելով կարգավորման սեփական սցենարը:
Ժամանակագրական առումով փորձենք փոքր-ինչ հետ գնալ և վերհիշել 2008-ի հունիսին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի օգնական Դենիել Ֆրիդի հայտարարությունը. «Հայաստանը պետք է պատրաստ լինի ճանաչել առկա սահմանը և կառուցողական արձագանք տալ Թուրքիայի հնարավոր ջանքերին: Հայաստանը պետք է հայտարարի, որ ժամանակակից Թուրքիայի նկատմամբ հողային որևէ պահանջ չունի: Միաժամանակ անհրաժեշտ է Թուրքիայի առերեսումը սեփական պատմության մութ էջերի հետ` որքան էլ դա դժվար լինի»:
Առանձնապես մեծ ջանքեր պետք չեն հասկանալու համար, որ այսօր կատարվում է այն, ինչը դեռ մեկ տարի առաջ հրահանգեց ԱՄՆ պետքարտուղարի օգնականը: Այսպես. նախ` Թուրքիան ձեռնամուխ եղավ «սեփական պատմության մութ էջերի հետ առերեսվելու»` իր համար խիստ անցանկալի հրահանգի կատարմանը. հիշենք թուրք մտավորականների` «Հայերից ներողություն ենք խնդրում» էլեկտրոնային ստորագրահավաքը:
Այս նույն հարթության մեջ ապրիլի 22-ին ի հայտ եկած «ճանապարհային քարտեզ» կոչված հայ-թուրքական համաձայնագիրը ևս: Այն ստորագրելով` Հայաստանն իր հերթին փաստորեն ի կատար ածեց Ֆրիդի վերոնշյալ թելադրանքը, թե` «Հայաստանը պետք է ճանաչի առկա սահմանը»:
Այս փաստերը հաստատում են, որ մենք իրոք գործ ունենք ռուս-ամերիկյան տարածաշրջանային մեկմեկու հաջորդող սցենարների հետ: Այս առումով, իրոք, ճիշտ են այն դիտարկումները, թե ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Հայաստանի ու Թուրքիայի կողմից ընդունած «ճանապարհային քարտեզը» Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև` ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ստորագրված հայտնի Մայնդորֆյան համաձայնագրի այլընտրանքն է:
Այն իրողությունը, որ գերտերություններն իրենց ձեռքն են վերցրել տարածաշրջանում կուտակված խնդիրներին հապշտապ «լուծում» տալու նախաձեռնությունը, հուշում է, որ դեռ ականատես ենք լինելու մեր կամքին հակառակ թելադրվող և անսպասելի գործընթացների: Այս իրավիճակը մեզանից պահանջում է զգոնություն ու հնարավոր վտանգներին հակադարձելու վճռականություն: Ի վերջո հարկ է գիտակցել մի պարզ բան. որքան էլ համաշխարհային քաղաքականության դերակատարները` պայմանավորված իրենց շահերով, աշխարհը վերաձևող տարբեր սցենարներ են գծում ու կազմում, միշտ չէ, որ դրանք նույնությամբ իրականություն են դառնում: Փոքր երկրները կարող են պարտադրվող սցենարները չեզոքացնել, եթե ունենան քաղաքական բավարար կամք, ազգային ու պետական շահի վրա խարսխված քաղաքականություն, սեփական դիրքորոշումները խիզախ ու համարձակ ներկայացնելու պատրաստակամություն ու վճռականություն, ազգային գաղափարների շուրջ հասարակության համախմբվածություն: Այս գործոնների առկայությունը շատ հաճախ հզորներին ստիպում է վերանայել սեփական հաշվարկներն ու իրավիճակի թելադրանքով վերափոխել սցենարները, իսկ փոքրերին թույլ է տալիս խուսափել դրանց վտանգավոր հետևանքներից:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Թեգեր` ԱՄՆ, Հայաստան-Թուրքիա, Ռուսաստան












