Գլխավոր » Հարցազրույցներ

«Թուրքիան հիշու՞մ է, որ վեց նահանգները մեզ են պատկանում, հիշու՞մ է Սևրի պայմանագրի մասին»

Սեպտեմբեր 17, 2009թ. 17:49

145Հարցազրույց ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի հետ

Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններում երկու կողմերը հաստատում են իրենց հանձնառությունը տարածաշրջանային ու միջազգային վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: Տարբեր քաղաքագետներ մտավախություն են արտահայտում, թե  «տարածաշրջանային հակամարտություն» ասվածը կարող է նաև արցախյան հիմնախնդրին  վերաբերվել: Այդպե՞ս է:

-Ցավում եմ, որ մշակույթի գործիչներին դիմում են  գործը կատարելուց հետո, բայց այնուհանդերձ, ասեմ հետևյալը. մոռանալո՞ւ ենք Սևրի պայմանագիրը, հաստատելու ենք Կարսի՞ պայմանգիրը: Դա մեր ճակատին խարան է և ամոթ:  Ինչպե՞ս է լինում, որ ուժեղ պետություններն իրենցն են անցկացնում:

Դարեր շարունակ  հայ ժողովուրդը որտե՞ղ է ապրել, ինչպե՞ս է ապրել, ինչե՞ր է արել, ոչ մեկը չի հիշում: Բայց հիմա հանկարծ հարակից հարցեր են առաջանում  և Վրաստանի, և Ադրբեջանի, և Թուրքիայի հետ:

Մինչև հիմա ազատագրված նախնյաց հողը բնակեցված չէ, ինչու՞ : Այս ամենը պիտի հիշել, հեռուն տեսնել, հետո միայն մեծ-մեծ հարցեր պարզել: Կկարողանա՞նք բարձրացնել այդ  ծանրությունը…

-Ի՞նչ կշահի հայ ժողովուրդը հայ-թուրքական սահմանի բացմամբ:

-Ես կողմ եմ, որ աշխարհում ոչ մի փշալար չլինի ժողովուրդների միջև: Հիմա  հիշում ենք, թե ինչ եղավ, երբ Իրանի հետ  բաց սահման ունեցանք. քանի՞ պարսիկներ եկան, ի՞նչ բռնագրավեցին,  ինչքա՞ն հայ աղջիկներ նրանց հետ ամուսնացան… Ես համաձայն եմ սահմանը բացելուն, բայց ի՞նչ գնով կբացվի այդ սահմանը:

Այսօր սահմանամերձ հողերը գործարար հայերը գնել են և սպասում են, որ  սահմանը բացվելուն պես թանկ գնով ծախեն թուրքերին. մտածել ե՞նք, թե հետո ինչ կլինի: Թուրք առևտրականին դիմակայելուն պատրա՞ստ ենք, կարո՞ղ ենք այդ դժբախտությունը նորից տանել: Այս ամենի մասին պետք է մտածել, նոր սահման բացել:

Եթե մեր անվտանգության խորհուրդը, երկրի ղեկավարը նստել-մտածել են և գտնում են,  որ պետք է բացվի սահմանը, ես` որպես սովորական քաղաքացի, բնական է, որ պիտի ենթարկվեմ պետությանս գերագույն մարմնի որոշումներին: Բայց իբրև մշակույթի գործիչ, իբրև մարդ` խիղճս հանգիստ չէ: Շատ կուզեի, որ մտածված լիներ ամեն ինչ, մանավանդ այս օրերին, երբ մեծ պետություններն են փոքրերի փոխարեն որոշում:

Վտանգների վտանգն է, որ տարածքները փոխճանաչում են: Իսկ Թուրքիան հիշու՞մ է, որ 6 նահանգները մեզ են պատկանում, հիշու՞մ է Սևրի և Կարսի պայմանգրերը: Գիտի՞ թե 1921թվականից առաջ Ադրբեջանն ինչ ուներ և հետո Ստալինի շնորհիվ ինչ ունեցավ: Վրաստան պետությունը գիտի՞, որ Ջավախքը հայկական է,  դարեր շարունակ հայինն է եղել, Նախիջևա՞նն ուր մնաց:

Երբ 1965թվականին նոր-նոր Հայաստանը արթնացավ քնից, ուսանողությունը` այդ թվում նաև ես, ոտքի ելավ. դա առաջին հզոր ցույցն էր ԽՍՀՄ-ում: Այդ օրերին հանդիպեցինք Վահրամ Փափազյանի հետ, որը քաղաքային  խորհրդի պատգամավոր էր: Հոծ բազմություն էր հավաքվել և հարցրեցին Վահրամ Փափազյանին, թե ի՞նչ կարծիքի է այդ օրերի իրադարձությունների մասին: Նա ասաց. «Ամոթ  է մեզ համար, որ մինչև հիմա չունեինք նախնյաց նահատակաց հիշատակը հարգող մեկ վայր»: Իսկ հողերը պահանջելու մասին հարցին` պատասխանեց. «Մենք ոչ թե մուրացիկի նման պիտի ձեռքներս մեկնենք և ասենք` տվեք մեր հողերը, այլ այնչափ պիտի ուժեղանանք, որ  հետ վերցնենք մեր հողերը»: Սա մեր մեծի պատգամն է և սա չպետք է մոռանանք:

-Սահմանի բացվելուց  հետո կկարողանա՞նք դիմակայել թուրքական մշակույթի ներհոսքին:

-Մենք հազիվ ենք ազատվել խորհրդային տարիներին հայկական ռադիոյով ժամը 6-ի հաղորդվող  ադրբեջանական նվնվոցից, բայաթիներից, 20 տարի է ինչ մաքրվել ենք,  հիմա էլ թուրքական նեյնիմները կլցվեն Հայաստան, որոնք շատ հեշտ են յուրացվում: Իսկ մենք, որ ձգտում ենք դասական արվեստը պահպանել,  ամեն ինչ իրենց տվեցինք`  դրամանտիկական արվեստ,  այբուբեն,  ամեն ինչ:

Անցած օրը ռուսական «Культура» հեռուստաալիքով  խոսում էին թուրքական գրադարանից , բայց ոչ մի խոսք այն մասին, թե այդ ինչպե՞ս  նրանք գիր-գրականություն, կինոարվեստ, թատրոն, էպոս ունեցան: Այսօր մեր պարերն են պարում, մեր երգերն են երգում: Ինչպես  Սամվել Կարապետյանն ասաց, մենք մեր մշակույթից բացակա ենք, մեր հայրենիքից է՞լ բացակա լինենք: Սա ողբալի է: Եթե սահմանը բացվի այնպես, ինչպես ես կուզեմ, եթե թուրք գործարարն իր ապրանքը սահմանի մոտ տա հային,  թող բացվի, բայց թուրքի ոտքը չմտնի Հայաստան:

Հիմա Թուրքիան ուզում է իր մագիլները խրել Հայաստանի մեջ: Պիտի իմանանք, թե ինչ է սպասվում մեր մատաղ սերնդին. մեր գորգերը մոռացվեցին, մեր արվեստը գնաց-վերացավ, հիմա թուրքական գորգերի, մութաքաների վրա՞ պիտի պառկենք, հեքիաթ-նաղլները լսենք:

-Պարոն Գասպարյան, տեղյա՞կ եք, որ Թուրքիայում հայ-թուրքական բարեկամության հուշարձան են կառուցում:

-Ես 1908թ. Սահմանադրությանն էլ եմ ծանոթ: Եղբայության մասին էին խոսում: Ի՞նչ եղավ այդ բարեկամությունը: Մենք երբեք չիմացանք մեր դարավոր հիվանդությունը` դիրքորոշում, կողմնորշում, դիվանագիտական դպրոց չունենք, որպեսզի խստագույնս լուծենք մեր հարցերը:

Ի՞նչ  է կատարվում այսօր վրացական տարածքում… ուղղակի չգիտեմ` ոնց ենք հանգիստ քնում:

Ամբողջ Նախիջևանի խաչքարերը վերացան. կարծես  այնտեղ կարտոֆիլներ էին ցանած ու կոխրճել էին: Ազգովին չխոսեցինք այս մասին, հիմա էլ այս պատմությունները: Վրաստանում առկա վիճակից չենք խոսում, բայց եթե  այս ամենը անձնավորենք ու ենթադրեն, թե  պղծել են մի հայ գործարարի  պապի գերեզմանը. պատկերացնու՞մ եք ինչ կանի այդ գործարարը, բայց երբ  խոսքը ազգային արժեքների մասին է` լռում են:

Ժամանակին երգում էինք, թե ինչպես հայ աղջիկները ձեռք-ձեռքի բռնեցին և Եփրատ գետը նետվեցին, որ թուրքին չտրվեն, իսկ այսօր 400-500 հայ աղջիկ Թուրքիայում անբարոյականությամբ է զբաղվում…

Ես ուզում եմ ունենալ արթուն ազգային անվտանգություն: Ես ուզում եմ տեսնել ոչ թե կուսակցական, այլ ազգային մտածողություն:

Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ


Դիտել Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`