7 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ`Հայաստանի սոցիալական կարիքների համար
Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 7 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ` «Հայաստանում սոցիալական ներդրումների հիմնադրամ» ծրագրի (ՀՍՆՀ III) երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման համար: Այն կօժանդակի Հայաստանի կառավարության` սոցիալապես անապահով ու խոցելի խմբերի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ջանքերին` աշխատուժ պահանջող ենթակառուցվածքային ծրագրերի ընդլայման միջոցով: Այս մասին ասված է ՀԲ հայաստանյան գրասենակի տարածած մամլո հաղորդագրությն մեջ:
«Ենթակառուցվածքային բացեր» կան ամբողջ Հայաստանում` նորոգման կամ վերակառուցման կարիք ունեցող դպրոցներ, մանկապարտեզներ, խմելու ջրի խողովակաշարեր, համայնքային կենտրոններ և առաջնային բուժօգնության կլինիկաներ կամ ամբուլատորիաներ: Վիճակը ծանր է գյուղական շրջաններում, հատկապես` հեռավոր ու մեկուսացած համայնքներում, ինչպես նաև աղետի գոտում: Ընդհանուր առմամբ, ծրագիրն ուղղված է տնտեսական ճգնաժամից առավել տուժած բնակչությանը: Լրացուցիչ ֆինանսավորումը կօգնի այդ և մի շարք այլ կարիքների բավարարմանը միջին ժամկետներում` նաև որպես կառավարության հակաճգնաժամային ծրագրի մաս»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նույն օրը ՀԲ գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է նաև Հայաստանին 5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրելու որոշումը` «Սոցիալական ապահովության վարչարարություն» ծրագրի (ՍՊՎԾ) լրացուցիչ ֆինանսավորման համար: Այն կնպաստի ՍՊՎԾ ընթացիկ ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունների ընդլայնմանը` ինստիտուցիոնալ հզորացման և սոցիալական ապահովության ծրագրերի թիրախավորման բարելավման միջոցով սոցիալական պաշտպանության և աշխատանքի տեղավորման ծառայությունների մատուցումն առավել կատարելագործելու նպատակով:
Այս ծրագրի հիմնական թիրախային խումբն աշխատանք փնտրողներն են` աշխատանքային կարիերայի հետամուտ երիտասարդները, գյուղական շրջանների գործազուրկ բնակչությունը, ինչպես նաև սոցիալապես անապահով ու խոցելի ընտանիքները, ներկա և ապագա թոշակառուները, հաշմանդամները:
ArmAr.am












