Սոս Սարգսյանը երիտասարդներին պատվիրել է լավ պահել Հայոց երկիրը
Այսօր «Գրքերի աշխարհ» գրախանութում տեղի ունեցավ հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանի գրքի շնորհանդեսը: Գիրքը տպագրվել է 2009 թվականին Մոսկվայում` մոսկվայաբնակ հայերի աջակցությամբ և ֆինանսավորմամբ: Այն հայտնի դերասանի մտորումների ու հիշողությունների հավաքածուն է:
Գրքի ռուսերեն լեզվով տպագրվելը հեղինակն այսպես է բացատրում.«Ցավով պետք է ընդունենք, որ հայերն ամենուր չէ, որ կարողացել են պահպանել իրենց մայրենի լեզուն, բայց քիչ թիվ չեն կազմում այն հայերը, ովքեր չտիրապետելով իրենց մայրենիին, սիրում են իրենց հայրենիքը` Հայաստանն ու մեծ ցանկություն ունեն կապ ունենալ հայրենիքի հետ, ուզում են շփվել հայկական մշակույթի հետ: Թերևս սա է պատճառը, որ ես համաձայնվեցի առաջարկին` գիրքը լույս տեսցնել ռուսերեն լեզվով»:
Ի դեպ, սիրված դերասանն իր գրական գործունեությունը սկսել է տարիներ առաջ` հայ հայտնի արվեստագետների մասին հուշագրությամբ: Ինչպես Սոս Սարգսյանն է ասում, ինքն իրեն պարտավորված է զգում ապագա սերունդների առաջ ու նպատակ ունի հայ ականավոր մշակութային գործիչների մասին հուշեր թողնել նրան:
Հուշերի գրքում ամփոփված են հիշողություններ հայ բեմի հիմնասյուների` Հրաչյա Ներսիսյանի, Ավետ Ավետիսյանի և էլի մի շարք հանրահայտ արվեստագետների մասին:
«Ես չեմ կարող ասել, որ ես գրող եմ, դա մի ուրիշ շնորք է, ուրիշ աշխարհ, բայց պատահում է այնպես, որ ուղղակի չեմ կարող չգրել, ժամանակ առ ժամանակ գաղափարներ, մտքեր են ծնվում, հիշողություններ են արթնանում և ես պահանջ եմ զգում դրանք թղթին հանձնելու»,- ասում է վարպետը:
Ասենք, որ նոր գիրքը բացահայտել է հայտնի դերասանի տաղանդը նաև գրականության ոլորտում, և այդ առումով արձագանքները մեծ են, մասնավորապես, մոսկվայաբնակ հայերի շրջանում:
Սոս Սարգսյանը դիմելով միջոցառմանը ներկա երիտասարդներին, ասաց. «Երեխեք ջան, հավատացեք, որ իմ հույսը դուք եք, ձեր ամեն հաջողության համար ուրախանում եմ, ամեն անհաջողությունից տխրում եմ, հույս ունեմ, որ լավ եք պահելու ձեր աշխարհը` Հայոց երկիրը»: Վերջում էլ կեսակատակ -կեսալուրջ պատվիրեց` մյուս հանդիպմանն իրեն զեկուցել նոր հաջողությունների ու հաղթանակների մասին:
Տարոն Սիմոնյան
ArmAr.am












