ԵՄ-ն կոչ է անելու Անկարային` հետևել Երևանի օրինակին
Եվրամիության նոր գերագույն ներկայացուցիչ բարոնուհի Քեթրին Էշտոնը մոտ ժամանակներս հրապարակայնորեն անդրադառնալու է հայ-թուրքական հաշտեցման գործընթացին. «Արմինֆո»-ին հայտնել է «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քեմբեկը:
Նրա խոսքերով` ԵՄ գերագույն հանձնակատարը հանդես է գալու հայտարարությամբ, որում Եվրամիության երախտագիտությունն է հայտնելու Հայաստանին` արձանագրությունների վավերացմանն ուղղված ջանքերի համար, նաեւ կոչ է անելու Անկարային` հետեւել Երեւանի օրինակին:
«Թուրքիան պետք է հիշի, որ ամբողջ աշխարհը հետեւում է այդ գործընթացին: Եվրամիությունն արդեն բավականին հոգնել է այն բանից, որ Թուրքիան միջազգային պայմանագրեր է ստորագրում, սակայն երբեք չի վավերացնում կամ չի կատարում դրանք»,- նշել է Քեմբեկը:
Նա հավելել է, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի յուրօրինակությունն այն է, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը այդ հարցում համաձայնության են եկել եւ հանդես են գալիս արձանագրությունների վավերացման օգտին:
Ըստ Քեմբեկի` ԵՄ-ն պատրաստվում է ուժեղ, հետեւողական եւ նախաձեռնող խաղացողի դեր ստանձնել Կովկասում: «ԵՄ-ն խաղաղություն ու զարգացում է ցանկանում եւ կարող է հասնել դրան` Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ համագործակցելով: Փաստորեն, դա կլինի ԵՄ անդամ բոլոր 27 երկրների ընդհանուր դիմում Թուրքիային` լրջորեն զբաղվել արձանագրությունների վավերացմամբ»,- ընդգծել է Քեմբեկը:
ArmAr.am












