Գլխավոր » Լրահոս

ԱԺ խմբակցությունների ղեկավարները Մարտի 1-ի զեկույցի մասին

Սեպտեմբեր 17, 2009թ. 22:05

ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդվարդ Շարմազանով.«Չէր լինի Մարտի 1-ը, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ընդուներ ընտրված նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը` գնալ երկխոսության: Ցավալի է, որ կան մարդիկ, որոնք իրենց անձնական ամբիցիաներն ավելի վեր են դասում, քան երկրի ապագան»:

«Ժառանգություն»  խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում նշեց, որ  այն ղեկավարները, ովքեր չեն կարողացել ապահովել մարդկանց անվտանգությունը, պետք է պատասխանատվության ենթարկվեն, մասնավորապես, Ռ.Քոչարյանը, Միքայել Հարությունյանը, Աղվան Հովսեփյանը, բոլոր այն դատավորները, որոնք կատարել են քաղաքական պատվեր:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իր ելույթում ասաց. «Ակնհայտ է, որ տեղի է ունեցել իշխանության բռնազավթման և պետական հեղաշրջման փորձ, որի  իրավունքը չունեին:  Զեկույցով բացահայտվեց, որ մարդկանց հրահրել են կատարել ծայրահեղ քայլեր»:

«Բարգավաճ Հայաստան»խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հայտնելով խմբակցության տեսակետն, ասաց, որ չէր կարելի թույլ տալ, որ երկրում երկար շարունակվեր սերմանվել անհանդուրժողականության մթնոլորտ: Անհրաժեշտ էր կանգ առնել և թույլ չտալ հասարակության պառակտում: « Զեկույցը ստեղծվել է ջանքերի համատեղման արդյունքում և ազնվության մղումով, –  ելույթն ավարտելով հավելեց, որ հանձնաժողովի ներկայացրած զեկույցը դառնալու է հետագա սերունդների համար ուսումնասիրության նյութ:

ՀՀԿ խմբակցության զեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով  իրենք հասկացան, որ ՀԱԿ-ին ձեռնտու էր այն, ինչ կատարվեց: Հայոց երկիրը, չի կարելի,  կործանարար մարդկանց ձեռքին խաղալիք դարձնել: Նրա կարծիքով հանձնաժողովն ամեն ինչ արել է զեկույցը հնարավորինս ներկայանալի դարձնելու համար:

ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ցավով է արձանագրում, որ ոմանց համար ողբերգական այս իրադարձությունը  որոշ մարդկանց համար դարձավ իրենց խնդիրները վեր հանելու առիթ: Իսկ նախագահի հանդուրժողականության կոչերը անպատասխան մնացին ընդդիմության կողմից: Հանձնաժողովի աշխատանքը գնահատելով բավականին լուրջ և անկողմանակալ, ԱԺ խոսնակը  շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին:

Ա.Գ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`