Պահանջում ենք ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից, ԵԽ-ից գնահատական տալ Սումգայիթյան ոճրագործությանը
Քիչ առաջ բազմաթիվ երիտասարդներ վառվող մոմերը ձեռքին երթով բարձրացան դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու սումգայիթյան զոհերի հիշատակին:
Երթի կազմակերպիչը «Միասին» երիտասարդական շարժումն է:
Կազմակերպիչները տեղեկացնում են, որ երթից հետո շարժման մասնակիցները նամակներ են հանձնելու միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ երևանյան գրասենյակներին՝ պահանջելով գնահատական տալ 22 տարի առաջ ադրբեջանական Սումգայիթ քաղաքում կատարված իրադարձություններին:
«Բազմաթիվ երիտասարդների անունից կոչ է արվում միջազգային հանրությանն ու միջազգային կազմակերպություններին տեղի ունեցած ոճրագործությանը համապատասխան գնահատական տալ՝ դրանք որակել որպես Ցեղասպանություն, որպեսզի նման ոճիրներ այլևս տեղի չունենան, քանզի փորձը ցույց է տվել, որ 1988-ից ի վեր նմանատիպ ոճրագործություններ են տեղի ունեցել»,- հայտարարել են շարժման մասնակիցները:
ArmAr.am












