ՀԱԿ. «Մարզերի բնակչությանը փորձում են հետ պահել մարտի 1-ի հանրահավաքին մասնակցելուց»
ՀԱԿ-ը նախօրեին գիշեը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Մարտի 1-ի հանրահավաքին ընդառաջ Հայ Ազգային Կոնգրեսը պարբերաբար տեղեկություններ է ստանում իշխանությունների կողմից ձեռնարկվող ապօրինությունների վերաբերյալ: Վերջին շաբաթվա ընթացքում վարչախումբը «բացատրական զրույցների», սպառնալիքների միջոցով, հատկապես, ՀՀ մարզերի բնակչությանը փորձում է հետ պահել մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին մասնակցելուց: Զուգահեռաբար, մարզային տրանսպորտային ընկերություններին և անհատ փոխադրողներին հրահանգվել է անհրաժեշտության դեպքում մարտի 1-ին դադարեցնել ուղևորափոխադրումը Երևան»:
Հայ Ազգային Կոնգրեսը նաև դատապարտում է «վարչախմբի հերթական ապօրինությունը» և հայտարարում, որ նման «ճղճիմ քայլերը որևէ ազդեցություն չեն ունենալու ինչպես մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի, այնպես էլ հետագա պայքարի վրա»:
Տեղեկացնենք, որ այսօր 2008թ. մարտիմեկյան ողբերգությանը անդրադարձ կկատարվի Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին, որին կմասնակցի նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հանրահավաքը տեղի կունենա Մատենադարանին հարող տարածքում:
Հանրահավաքի մասնակիցներն իրենց ելույթներում կանդրադառնան հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, ինչպես նաև Հայաստանում տիրող տնտեսական իրավիճակին:
ArmAr.am












