Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Բավարար հիմքեր կան հայ-թուրքական գործընթացը կասեցնելու համար

Մարտ 1, 2010թ. 11:29

droshՀՀ խորհրդարանի ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը պատասխանելով ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի լրագրողի հարցին, թե ո՞ր դեպքում է հնարավոր, որպեսզի հայ-թուրաքական արձանագրություններն առանց խորհրդարանում քննարկման դրվելու՝ չեղյալ համարվեն, նշեց, որ այսօր արդեն բավարար հիմքեր կան, որպեսզի հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված գործընթացը կասեցվի։

Ըստ Ա. Շահբազյանի,  դրա համար նախևառաջ հիմք է հանդիսանում այն, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան շատ ակտիվ հակահայ քարոզչություն է սկսել, և դա չի խոսում այն հանգամանքի օգտին, որ այդ երկիրը հակված է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։ «Բացի այդ՝ թուրքերը փաստում ու ապացուցում են, որ իրենց նպատակն է, որպեսզի այդ  հարաբերությունները հաստատվեն նախապայմաններով:    Նրանք ուղղակիորեն արձանագրությունների վավերացման ու հարաբերությունների հաստատման հիմքում դնում են Արցախի խնդրի ադրբեջանամետ լուծման նախապայմանը»:

Սակայն Թուրքիան միայն այս նախապայմանով չի բավարարվում, ակնհայտ են նաև այդ երկրի իշխանությունների  կողմից առաջ քաշված այլ նախապայմանները ևս.« Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչման գործընթացը հանել մեջտեղից, և անօրինական սահմանների ճանաչում պարտադրել, սրանց մասին իրենք բազմիցս են հայտարարել»,- նշեց Ա. Շահբազյանը:

Բացի վերանշյալ նախապայմանները, կա նաև մեկ այլ պատճառ, որը կարող է հիմք հանդիսանալ կասեցնելու սկսված գործընթացը: «Թուրքիան ակնհայտորեն ձգձգում է  արձանագրությունների վավերացման գործընթացը: Դեկտեմբերի 7-ին արդեն, պետք է իրենց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկեին այդ հարց, որը չեն արել։ Այսինքն՝ Թուրքիայի կողմից գործընթացը արհեստականորեն ձգձգվում է, թուրքերը նախապայմանների կոշտ լեզվով են խոսում, ինչն այսօր իսկ բավարար հիմք է, որպեսզի հայկական կողմը կասեցնի այս գործընթացը»,- ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղարը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն