Գլխավոր » Լրահոս

Արմենական Ռամկավար Ազատական Կուսակցության հայտարարությունը

Մարտ 1, 2010թ. 12:50

Մարտի 1-ին լրանում է անկախ Հայաստանի պատմության ամենատխուր էջերից մեկի` մարտիմեկյան ողբերգության 2-րդ տարելիցը: Այդ ողբերգությունը բացահայտեց, որ Հայաստանի Հանրապետությունում դեռեւս քաղաքական պայքարի մշակույթ այդպես էլ չի ձեւավորվել: Այդ ողբերգական օրերին իշխանական աթոռների համար ընթացող պայքարում կողմերը գնում էին անխուսափելի առճակատման, անօրինական քայլերի, որոնց զոհը դարձան անմեղ մարդիկ: Ու չնայած ողբերգական այդ օրերից անցել է 2 տարի, սակայն մարտիմեկյան իրադարձություններին չի տրվել ընդհանուր քաղաքական գնահատական, կողմերը ընդամենը փորձում են շահարկել այդ դեպքերը` միմյանց տարատեսակ մեղադրանքներ ներկայացնելով: Դատական գործընթացները եւ ստեղծված տարբեր հանձնախմբերը դժբախտաբար չկարողացան համոզիչ եւ ամբողջական ներկայացնել տեղի ունեցածը: Այդպես էլ չպարզվեց, եւ դատական ատյանների առաջ չկանգնեցին նրանք, ովքեր իրական մեղավորներն էին այդ իրադարձությունների: Արդյունքում դատարաններում եւ բանտերում հայտնվեցին նաեւ շատ մարդիկ, ովքեր փաստացի քաղաքական հետապնդումների ենթարկվեցին:

ԱրմենականՌամկավար Ազատական կուսակցությունը հայտարարում է, որ մարտիմեկյան ողբերգության իրական մեղավորը ընդդիմության անհեռատես եւ անպատասխանատու ղեկավարությունն էր, իսկ պատասխանատունՙ ժողովրդի բողոքին անտարբեր ու միայն բիրտ ուժին ապավինող իշխանության բարձրագույն օղակը: Հաշվի առնելով, որ մարտիմեկյան գործով պատասխանատվության չկանչվեցին իրական բոլո՛ր պատասխանատուները, ԱրմենականՌԱԿը պահանջում է անհապաղ ազատ արձակել այդ գործով դեռեւս կալանքի տակ գտնվողներին, հարգել անմեղ զոհերի հիշատակը, դադարեցնել ամեն մի շահարկում, եւ, միաժամանակ, համոզիչ երաշխիքներ տալ, որ նման վայրենի առճակատումներ այլեւս չեն կրկնվի ժողովրդավարությունը որպես դավանանք ընդունած մեր երկրում:

ԱՐՄԵՆԱԿԱՆՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն