«ԼՂՀ մասնակցությունը կնշանակի բանակցային գործընթացի սկիզբ` սպիտակ էջից»
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հարցազրույցը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի հետ
-Գրեթե ամեն ամիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է ռազմական ճանապարհով Արցախյան հիմնախնդրի լուծման մասին: Եվ ամեն անգամ հայկական կողմն այն մեկնաբանում է որպես ներքին սպառման համար արված հայտարարություն: Բայց, արդյո՞ք, այդպես է:
-Եվ Ալիևը, և Ադրբեջանի բարձրաստիճան շատ պաշտոնյաներ տարբեր ամբիոններից մշտապես հանդես են գալիս նման ռազմատենչ հայտարարություններով: Վերջերս դարձյալ իր ղեկավարին կրկնեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, հայտարարելով, թե «Ադրբեջանը սպասել չի կարող, որ այսուհետ խոսքը զինվորականներինն է»: Ասեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող համանախագահող պետությունները բազմիցս հայտարարել են, որ արցախյան խնդրի լուծման համար բացառվում է ուժի կիրառումը: Հարավային Կովկասի կայունությունը խիստ կարևորում են նաև տարածաշրջանային երկրները, և տարածաշրջանում շահեր հետապնդող գերտերությունները: Միաժամանակ չեմ կարծում, որ Ադրբեջանի ժողովուրդը ևս խիստ ոգևորվում է իրենց ղեկավարի ռազմատենչ հայտարություններից, քանի որ նրանք 90-ականներին շատ լավ հասկացան, թե ի՞նչ է նշանակում հայից խլել նրա իրավունքներն ու բռնանալ նրա ազատության վրա:
Համամիտ եմ, որ Ադրբեջանի նման ռազմատենչ հայտարարություններն ուղղված չեն միայն ներքին լսարանին, դրանք նաև որոշակի մեսիջ են ուղղված տարածաշրջանային պետություներին ու գերտերություններին, որպեսզի վերջիններս հաշվի նստեն Ադրբեջանի կարծիքի ու դիրքորոշումների հետ:
–Այսինքն նման հայտարարություններով Ադրբեջանը փորձում է վախեցնե՞լ…
-Փորձում են, բայց եթե Ալիևը հույսը դրել է իր զինվորների վրա, ապա չարաչար սխալվում է, քանի որ նման հույսերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի. Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական քայլերի դեպքում, հայկական կողմն, ընդամենը հնարավորություն կստանա շփման գիծը տեղափոխվել էլ ավելի արևելք…
– Իզուր չէ, որ հայ զինվորականներն ասում են, թե Ադրբեջանի նման սխալ քայլը առիթ կդառնա, որ հայկական կողմը շարունակի իր կիսատ թողած գործը` հետ բերել ադրբեջանցիների կողմից զավթված հայկական հողերը:
-Իհարկե, հատկապես , որ դրանք ոչ թե ադրբեջանական, այլ պատմական հայկական տարածքներ են: Բայց այդ ամենով հանդերձ, Հայաստանը շարունակում է կայուն ու հաստատուն մնալ իր այն դիրքորոշման մեջ, որ խնդրի լուծմանը պետք է գնալ միայն խաղաղ բանակցային ճանապարհով` ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրառման առաջնահերթությամբ:
– Արցախա-ադրբեջանական հակամարտությանն կարգավորման հարցում վերջերս հայտնվեց մի նոր միջնորդ ևս` հանձին Ղազախստանի: Իր տարածաշրջանային այցի ժամանակ իրենց «անկողմնակալ միջնորդության» մասին հայտարարեց Ղազախստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևը: Ի դեպ, առաջարկին մեծ ոգևորությամբ արձագանքեցին Ադրբեջանում ու Թուրքիայում: Կարծում եք Ղազախստանը կարո՞ղ է անկողմնակալ միջնորդի դեր ստանձնել, եթե նկատի ունենանք, որ այդ երկիրը մեր տարածաշրջանում ունի և’ տնտեսական, և’ քաղաքական շահեր:
– Ղազախստանի նման ակտիվությունը պայմանավորած է երկու հանգամանքով. նախ, որ աւյդ երկիրը ԵԱՀԿ նախագահող երկիր է: Եվ, այո, ինչպես ասացիք, Հարավային Կովկասում ունի հստակ տնտեսական ու դրանով ածանցվող քաղաքական շահեր: Իհարկե, լավ է, որ կան երկրներ, որոնք փորձում են արցախյան հիմնախնդրում միջնորդի դեր ստանձնել: Սակայն չեմ կարծում, որ Ղազախստանի պարագայում այդ միջնորդությունը կլինի անկողմնակալ ու չի վնասի բանակցային գործընթացին: Այս առումով լավագույն ձևաչափը Մինսկի խումբն է. համանախագահները խորապես տիրապետում են հակամարտության մանրամասներին և շատ ավելի նուրբ ու արդյունավետ միջնորդություն են իրականացնում:Կարծում եմ, որ այն ժամանակի ընթացքում կտան իր դրական արդյունքը` տարածաշրջանում վերջնական խաղաղությանն պահպանման գործում:
-Չէ՞ք կարծում , որ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարություններով երբեմն դուրս են գալիս մանդատով իրենց վերապահված իրավունքների շրջանակներից:
-Եթե նման բաներ են լինում, ապա դրանք ոչ թե Մինսկի խմբի ընդհանրական դիրքորոշումներ են, այլ տվյալ պահին անդամ երկրի ներկայացուցչի շահի արտահայտություն: Գուցե նաև տրամադրություններ շոշափող որոշակի հնարքներ են դրանք: Բայց, ամեն դեպքում, Մինսկի խմբի համանախագահները մշտապես հստակ են եղել իրենց քաղաքական հայտարարություններում. նախ որ կողմերն իրենք պետք է գան կոնկրետ համաձայնության, և ամենակարևորը` համանախագահները հստակ արձանագրում են, որ ցանկացած փաստաթղթի վավերացման համար Արցախի Հանրապետությունը պետք է տա իր վերջնական համաձայնությունը: Հետևապես, առանց այդ համաձայնության որևէ լուծում ընդունելի չի կարող լինել:
– Սոչիում կազմակերպված հերթական հանդիպման ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին տրվեց կոնկրետ ժամանակ` Մադրիդյան նորացված առաջարկները հիմք ընդունելով համաձայնության գալ մինչ օրս չհամաձայնեցված կետերի շուրջ: Ի՞նչ ասել է նորացված տարբերակ:
– Նախ ասեմ, որ գործընթացը շարունակում է ընթանալ նորմալ, տրամաբանական հունով: Այդ առումով , կարելի է ասել, որ բանակցային գործընթացում սկսվել է մի նոր փուլ: Ինչ վերաբերում է նորացված տարբերակին, ապա կարծում եմ, որ այն Մադրիդյան սկզբունքների կիրառական մոդելն է, թե ինչ հերթականությամբ պետք է կողմերը համաձայնության գան, գուցե նաև ժամկետներ կհստակեցվեն: Այնուհանդերձ, նոր գործընթացը ևս մեկ քայլ է, որը կողմերին թույլ կտա հստակ դիրքորոշումներ ամրագրել, որից հետո միջնորդները, արդեն նորացված մոտեցումների հիմա վրա, կփորձեն կառուցել բանակցությունների ընթացքը: Եվս մեկ անգամ պետք է շեշտեմ, որ հայկական կողմի դիրքորոշումները հստակ են, դրանք ամրագրված են նախագահի արտաքին քաղաքականության օրակարգում:
–Համանախագահներն ակնարկեցին, թե հասունացել է բանակցային գործընթացին արցախյան կողմի մասնակցության անհրաժեշտությունը: Սակայն այս առնչությամբ հնչեց Արցախի Հանրապետության իշխանությունների առավել հստակ մոտեցումը. Արցախի Հանրապետությունը հակված չէ մասնակցել մի գործընթացի, որտեղ արդեն իսկ բավական շատ որոշումներ են կայացվել, փաստաթղթեր են ի հայտ եկել, հայտարարություններ են հնչել: ԼՂՀ-ն կմասնակցի միայն այն դեպքում, երբ բանացությունները կսկսվեն սպիտակ էջից:
– Գիտեք, ես այն կարծիքին եմ, որ բանակցություններին ԼՂՀ-ի մասնակցությունը, այսինքն ցանկացած փուլում նրա վերադարձը բանակցային գործընթաց, մշտապես ողջունելի է: Ակնհայտ է նաև համանախագահողների դիրքորոշումը, որ վերջնական խոսքը պատկանում է Արցախի Հանրապետության ժողովրդին: Այստեղ խնդիրներ առաջացնող կողմը Ադրբեջանն է, որ կշարունակի ընդդիմանալ ԼՂՀ մասնակցությանը: Ադրբեջանի իշխանությունները լավ են հասկանում, որ եթե Ղարաբաղը վերադառնում է բանակցային գործընթաց, ուրեմն ներկայնալու է իր հստակ դիրքորոշումներով: Իսկ այդ դիրքորոշումները բոլորին հայտնի են` ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հարգման վրա` արցախա-ադրբեջանական հակամարտության լուծում: Այո, ԼՂՀ վերադարձը կնշանակի բանակցային գործընթացի սկիզբ` սպիտակ էջից:
ArmAr.am












