Ցեղասպանություն իրականացրած թո՞ւրքն է պահանջում ներողություն խնդրել
Ինչպես տեղեկացրել ենք, թուրքական լրատմամիջոցները թուրք հանրությանն ահազանգում են, որ ամերիկյան հայտնի «CBS» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «60 րոպե» ծրագրի շրջանակներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսանյութ է թողարկել:
Հաղորդման ընթացքում նշվել է, որ Սիրիայի Դեր Զորի անապատում կոտորվել է շուրջ 450 հազար հայ:
«Կոտորածի ապացույցներ ամեն քայլափոխի կան: Դրանք գտնելու համար հարկավոր է ընդամենը մի քիչ փորել անապատի հողը»,- ասվել է հաղորդման ընթացքում:
Նշվել է նաև, որ Ադոլֆ Հիտլերը հրեաներին ցեղասպանությունն իրագործելիս ոգևորվել է հենց Հայոց ցեղասպանության անպատժելիությունից:
Եվ ահա, թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ԱՄՆ-ում գործող թուրքական կազմակերպությունները բողոքել են ամերիկյան CBS հեռուստաալիքով Հայոց ցեղասպանության վերաբերյալ հեռարձակված տեսաֆիլմի առնչությամբ:
Ամերիկայի թուրքական միությունների դաշնությունը (TADF) և Ամերիկայի թուրքական միությունների համագումարը (ATAA) նամակ են հղել CBS-ի տնօրինությանը` իրենց զայրույթն արտահայտելով հեռուստահաղորդման առնչությամբ: Բացի այդ, թուրքական կազմակերպություններն ամերիկաբնակ թուրքերին կոչ են արել հնարավոր բոլոր միջոցներով արշավ սկսել հեռուստաալիքի դեմ:
Ամերիկայի թուրքական միությունների համագումարի փոխնախագահ Ալի Չընարը հայտարարել է, որ իրենք շարունակելու են CBS-ի դեմ ուղղված արշավն այնքան ժամանակ, քանի դեռ հեռուստաալիքը ներողություն չի խնդրել:
ArmAr.am












