Ադրբեջանական նոր կայք` հայերեն լեզվով
Ադրբեջանի լրատվական դաշտը համալրվեց ևս մեկ ինտերնետային կայքով, այն կոչվում է, ոչ ավել ոչ պակաս՝ Armenia.az։
Շփոթվելու ու զարմանալու անհրաժեշտություն չկա, քանզի Ադրբեջանը շարունակում է տեղեկատվական դաշտում իր ակտիվ քարոզչությունը:
Կայքի հիմնադիրն ու ղեկավարն է ադրբեջանական լրատվական դաշտում հայտնի դեմքերից մեկը՝ Էլնուր Բաիմովը։ Կայքը ընթարցողներին է ներկայանում հայերեն լեզվով։ Այսինքն՝ այն ուղղված է հայ ընթերցասեր հասարակությանը։ «Սրանով մենք ցանկացել ենք լրացնել մեր քարոզչական դաշտում եղած բացը՝ Ադրբեջանի ու ադրբեջանցիների մասին տեղեկատվություն ներկայացնելով նաև հայերենով։ Այս կայքը ստեղծվել է այն նկատառումներից ելնելով, որ շատ հայեր չեն տիրապետում ռուսերենին ու անգլերենին, դրա համար մենք որոշել ենք նորությունները նրանց մատուցել իրենց մայրենի լեզվով»,- ասել է Է. Բաիմովը:
Ինչպիսի~ նրբանկատություն ռուսերենին ու անգլերենին չտիրապետող հայերիս նկատմամբ:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը նոր երանգներ է հաղորդում իր հակահայկական քարոզչությանը: Ադրբեջանական կողմը, ի տարբերություն Dey.az, news.az հակահայկան քարոզչություն իրականացնող կայքերի ագրեսիվությանը, որոշել է նոր, հայերեն լեզվով գործող կայքէջում հայերիս հետ խոսել «հարազատորեն»: Ավելին, ագրեսիվ խոսքերի փոխարեն հայերիս ուղեղը լցնել բարեկամության ու հարևանության մասին դատարկ քարոզներով:
Ինչ է ստացվում. հայոց պատմությունը, մշակույթը կեղծելիս, Արցախյան հիմնահարցի իրական բնույթը գլխիվայր ներկայացնելիս, վերջապես, հայերիս հասցեին ադրբեջանավարի զազրելի բարբաջանքներ թափելիս նրանք դիմում են օտար լեզուներին` անգլերենին, ռուսերենին, թուրքերենին, արաբերենին, իսկ հայերի հետ սիրո ու բարեկամության մասին նախընտրում խոսել հայերենով: Մեկ էլ տեսար հայերը լսեցին ու հավատացին թյուրքի «քաղցր» խոսքերին, մանավանդ, երբ պատմությունը նման դրվագներ մեզ շատ է տվել…
Հաշվարկը հստակ է. աշխատել Հայաստանի բնակչության այն հատվածի վրա, ով ամբողջությամբ տրված սոցիալական խնդիրներին ու հոգսերին, կորցրել է թշնամու կերպարի նկատմամբ իր զգոնությունը…
Չնայած ադրբեջանական բոլոր փաստարկները դատարկ են, զուրկ պատմական, իրավական, գիտական հիմնավորումներից, սակայն նրանք չեն խորշում քարոզչության դաշտում սեփական կեղծիքը ճկուն ու արդյունավետ գործարկելուց:
Մինչդեռ մեզանում դեռ շարունակում են մտածել, որ քարոզչության համար
Պետք չէ շատ ֆինանսներ ծախսել: Գուցե ժամանակն է հակառա՞կ հետևությանը հանգել…












