Արամ Սաֆարյան.«Ադրբեջանական քարոզչությունը խիստ ակտիվացել է, եւ դրան օժանդակող գործոնները շատ են…»
Փետրվարի 17- ից 20- ը Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը:
Քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի նիստի ժամանակ ադրբեջանական պատվիրակության անդամները բարձրացրել էին մայիսի 23- ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների անթույլատրելիության հարցը: Հայկական պատվիրակությունը փորձել է ամեն կերպ նեարզդել հակահայկական քարոզչությանը:
Հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանի տեղեկացմամբ, վերջին շրջանում ադրբեջանական քարոզչությունը խիստ ակտիվացել է, եւ դրան օժանդակող գործոնները շատ են` սկսած պետական կառույցներից մինչեւ ֆինանսավորում:
Ի դեպ` սա այն պայմաններում, երբ, վկայակոչելով ճգնաժամը, Հայաստանի Ազգային ժողովը որոշել է միջազգային տարբեր կառույցներ գործուղել պատվիրակության ոչ ամբողջական կազմերը: Որպես կանոն չեն մեկնում փոխարինող կազմում գտնվողները, որոնց մեջ են նաեւ ընդդիմադիր «Ժառանգության» պատգամավորները: Այս անգամ էլ աշխատանքներին չէր գործուղվել Լարիսա Ալավերդյանը:
Ադրբեջանական քարոզչությանը հակազդելու համար Արամ Սաֆարյանն ունի առաջարկ, որն արդեն ներկայացրել է Աժ ղեկավարությանը: «Վերջին ամիսների ընթացքում ադրբեջանական քարոզչությունը բազմապատկել է իր ջանքերը Հայաստանը սեւացնելու, ղարաբաղյան հակամարտության մեջ Հայաստանը որպես ագրեսոր, որպես չարակամ եւ թշնամի երկիր ներկայացնելու իր ջանքերի մեջ: Այս նպատակով ծախսվում են ահռելի գումարներ, հսկայական մարդկային ռեսուրսներ: Առաջարկում եմ Ազգային Ժողովում ստեղծել հինգ խորհրդարանական ուժերից բաղկացած բազամկուսակցական մի խորհրդակցություն, որի նպատակը կլինի աշխատելը, կոորդինացնելը մեր քաղաքական մոտեցումները եվրոպական ատյաններում, միջազգային կառույցներով մեր պատգամավորների աշխատանքի նպատակով: Ղարաբաղյան շարժումը՝ 1988թ. սկսված միայն ղարաբաղցիների հոգսը չի եղել, եւ ոչ էլ այսօր միայն իշխանությունների խնդիրն է»,- ասաց Արամ Սաֆարյանը։
ArmAr.am












