Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

«Հայաստան» հիմնադրամը մեկնարկեց Աբովյանի ծննդատան հիմնանորոգումը

Մարտ 2, 2010թ. 12:47

AbovyanHsp 2 _01.03.10«Հայաստան» համահայկական հիմնադրամը փետրվարին մեկնարկել է Կոտայքի մարզի ք. Աբովյանի ծննդատան ծնարանային- վիրահատական բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագիրը հովանավորում է Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը` ի դեմս կանադահայ բարերարներ Վրեժ եւ Իմաստուհի Նիկողոսյանների:  Այս մասին ArmAr.amին փոխանցում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի լրատվական ծառայությունից:

Քանդման աշխատանքներն ավարտված են, ներկայումս կառուցվում են միջնորմային պատերը: Կնորոգվի բաժանմունքի հատակը, կփոխարինվեն դռներն ու պատուհանները, կիրականացվեն սալիկապատման աշխատանքներ:

Ծննդատան գլխավոր բժիշկ Լարիսա Մադոյանի խոսքով` արդեն 25 տարի գործող ծննդատան անմխիթար վիճակը չի կարող չանդրադառնալ բուժսպասարկման որակի վրա: ՙՆախեւառաջ բարվոք պայմաններն են, որ մայրերին ապահովության ու վստահության զգացում են ներշնչում, ինչը շատ կարեւոր է թե նորածնի, եւ թե  սպասարկող անձնակազմի համար՚,- նշեց գլխավոր բժիշկը: Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ ընթացիկ տարում ունեցել են 193 ծնունդ:

Մարզի 7 քաղաքային ու շուրջ 60 գյուղական բնակավայրերը սպասարկող ծննդատանը 2009-ին ընդունվել է 1422 ծնունդ, սպասարկվել` 247 ամբուլատոր հիվանդ, վիրահատվել` 347 կին եւ բժշկական խորհրդատվություն ստացել` 17 656 հղի կին:

ՙԵրեխայի ծննդյան պահից սկսած յուրաքանչյուր ծնող ձգտում է իր փոքրիկի համար ապահովել հարմարավետ պայմաններ ու առողջ միջավայր. մենք պարբերաբար իրականացնում ենք այս առաջնահերթ խնդրի լուծմանն ուղղված ծրագրեր՚,- ասում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ հավելում,-ՙՄեր այսօրինակ աշխատանքի լավագույն գնահատականը ծնունդների աճն է տվյալ համայնքում՚:

Հատկանշական է, որ առողջապահական ոլորտի ծրագրերի շրջանակում այս պահին ընթանում են նաեւ Երեւանի ՙՍուրբ Աստվածամայր՚ բժշկական կենտրոնի ծննդատան նորածնային-հետծննդյան բաժանմունքի, ՙՆորքի՚ ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ՙբ՚ մասնաշենքի, Նոյեմբերյանի հիվանդանոցի հիմնանորոգման, ինչպես նաեւ Գորիս քաղաքում ՙԶանգեզուր՚ սրտաբանական կենտրոնի կառուցման աշխատանքները:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն