«Նախընտրելի են այն պաշտոնները, որը զբաղեցնողն ամեն օր կարող է մտնել իր հայրենակցի գրպանը»
Դիմելով լրագրողներին Քաղծառայության պետ Մանվել Բադալյանն ասել է. «Բոլորս էլ ուսանող կամ աշակերտ ենք եղել, գիտենք, որ մրցույթը ամբողջությամբ չի կարող օբյեկտիվ լինել: Բացի այդ` որակյալ թեստեր գրելու համար նաև ժամանակ է հարկավոր: Օգնեք, նոր համակարգ է»:
Նա նկատել է, որ իրենք ամենևին էլ հուսահատված չեն, դեռ մի բան էլ լավատեսորեն են տրամադրված:
Մանվել Բադալյանն անդրադարձել է նաև Վերաքննիչ պալատի հայտնաբերած չարաշահումներին, ասելով.«Մինչ Պալատը տարվա ընթացքում փորձում է գտնել չարաշահումները, մենք մրցույթների միջոցով արդեն իսկ տեսնում են, թե ո՞ր մարմիններում են առավել հավանական չարաշահումները: Մրցույթների դիմումների քանակով մենք ցուցիչ ունենք, և տեսնում ենք, մեր հայրենակիցները ո՞ր պաշտոններն են հատկապես սիրում, ո՞ւր են ձգտում: Մարդիկ ընտրում են բոլոր այն պաշտոնները, որը զբաղեցնողն ամեն օր կարող է մտնել որևէ հայրենակցի գրպանը` ստուգող, լիցենզավորող, դիմումի պատասխանող»,- հավաստեց Բադալյանը:
Սրանց կողքին, քաղծառայության պետի խոսքերով, թափուր են մնում իրենց կարևորությամբ չզիջող պաշտոնները, և շատ դեպքերում այդ պաշտոններին դիմողներ չեն էլ լինում:
Բադալյանը նաև ուրախությամբ նշեց, որ ՔԾ-ն 2009-ին եղել են վերահսկիչ պալատի ուսումնասիրության ծրագրում ընդգրկված մարմիններից մեկը, և բացի տեխնիկական խնդիրներից որևէ նկատառում չի եղել:
ArmAr.am












